Skip to content Skip to footer

Նախագծի հեղինակ`  Հովհաննես Մարգարյան

Հ. Մարգարյանի վիդեում 1958թ. Սասնաշեն գյուղի մոտ խփված ամերիկյան ինքնաթիռի դիպվածը պատմող ականատեսը եղել է նույն տարիքի, ինչ որ Սթիվեն Սփիլբերգի «Ծագող արևի կայսրության» երեխա-հերոսը։ Ինչպես Սփիլբերգի հերոսի, մեր հերոսի համար էլ ինքնաթիռը հափշտակության առարկա է։

Սեպտեմբերի 11-ին հաջորդած իրադարձությունները մեզ հուշում են, որ պատերազմները չեն անհետացել, պարզապես տեղափոխվել են արևմտյան քաղաքակրթության սահմաններից անդին։ Այն, ինչ արևմտյան քաղաքակրթության ներքին վեճն էր, ի դեմս՝ սոցիալիզմի և կապիտալիզմի, այսօր հարավի և հյուսիսի, ավանդական և ինդուստրիալ քաղաքակրթությունների վեճն է։ Ինքնաթիռի ցուցադրվող բեկորները Բեռլինի պատի բեկորների նման հիշեցնում են երբեմնի երկբևեռ աշխարհը, ուր ազատության և բռնապետության սահմանները դեռևս համընկնում էին պետությունների սահմանների հետ։ Այսօր մոլորակը միասնական է, բայց միջազգային ահաբեկչությունը գալիս է ապացուցելու, որ այդ սահմանը ավելի շուտ ներքին է, քան՝ արտաքին։ «Սեպտեմբեր 11-ից հետո բոլորս իսլամ ենք», – ասում է Ժ. Բոդրիյարը։ Համեմատելով «սառը» պատերազմի այս դրվագը սեպտեմբերի 11-ի դեպքերի և նրան հաջորդած իրադարձությունների հետ, . Մարգարյանը կարծես ուզում է ասել, որ աշխարհի միասնականության տրոհումը և նոր երկբևեռ աշխարհի առաջացումը անհնարին չէ։ 

Արվեստաբան՝ Վարդան Ջալոյան                      

 

Նախագծի մաս է կազմում ինքնաթիռի հայտնաբերված բեկորների և անկման վայրից բերված վառված քարերի ինստալիացիա, որը մեծ դահլիճում հայտնվում է տարբեր մշակույթների խաչմերուկում։ Որպես քաղաքկրթությունների բախման ուղղակի մետաֆոր է բերվում սեպտեմբերի 11-ի նյու-յորքյան ահաբեկչությունը։ Ինքնաթիռը հաճախ ասոցացվում է ազատության հետ։ Ինչպես 1958թ.-ին Հայաստանում տեղի ունեցած միջադեպը, այնպես էլ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումը մշակութային փակվածությունը պահպանելու ակտ է՝ ուղղված Արևմուտքի դեմ։ Երկու դեպքում էլ գործիքն ինքնաթիռն է՝ Արևմուտքի արդյունաբերացման և մեքենայացման երբեմնի խորհրդանիշներից մեկը՝ ուղղված նույն քաղաքակրթության արժեքների դեմ։ 

Նախագիծը շոշափում է մշակութային շերտեր՝ հուշելով, որ մեր օրերում «քաղաքակրթությունների բախման» դրսևորումները սկիզբ են առնում Սառը պատերազմից և երկբևեռ աշխառհի հետևանք են։ Նախագծի կոնցեպտուալ գիծը հստակեցնում է այդ փոխկապակցվածությունը՝ հնարավորություն տալով տեսնել դրանց անմիջական կապը։ 

Համադրող`  Անժելա Հարությունյան                

 

07 Հոկտեմբեր . – 01 Նոյեբմեր 

ՆՓԱԿ,  2003