Skip to content Skip to footer

Պանորաման կամ համայնապատկերը ֆիզիկական տարածության մասշտաբային արտահայտումը կամ ներկայացումն է գեղանկարչության, նկարչության կամ լուսանկարչության մեջ: Առաջին համայնապատկերը ստեղծվել է իռլանդացի նկարիչ Ռոբերտ Բարկերի կողմից 1787 թվականին: Շուտով համայնապատկերային լուսանկարչությունը եկավ փոխարինելու նկարչությանը, որպես լայն տեսահորիզոն ստանալու ամենատարածված մեթոդ: 20-րդ դարի վերջի թվային լուսանկարչությունը մեծապես պարզեցրեց նշված գործընթացը, որն այլևս հայտնի է որպես պատկերների համադրում: Պատկերները ստացվում են բազմաթիվ նկարներ միմյանց կցելուց, որի հետևանքով նկարները մասնակի կերպով եզրերից միմյանց ծածկում են: Արդյունքում ստացվում է համայնապատկերային նկար: Այն ստանալու համար օգտագործվում են այնպիսի ծրագրեր ինչպիսին է օրինակ Adobe Photoshop-ը: Նկարների լայնամասշտաբ համադրությունը ստեղծում է տպավորություն, որ շրջապատված ես իրական բնատեսարանով: Երեք տասնամյակ է ես ճանապարհորդում եմ և լուսանկարում մարդկանց, բնատեսարաններ, ճարտարապետություն և մերկ մարմիններ, 11 գրքի հեղինակ եմ և ներկայացել եմ բազմաթիվ ցուցահանդեսներով աշխարհի տարբեր ծայրերում: Սա իմ առաջին համայնապատկերային նկարների ցուցահանդեսն է: Այն կոչվում է Պանորամիքս և ընդգծում է Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում, Միջին Արևելքում և Հայաստանում արված նկարների հավաքածուն: Այն հանդիսանում է բնատեսարանների, մարդկանց, կենդանիների և ճարտարապետության միախառնում: Հանդիսատեսը կտեսնի վերելքը դեպի բիբլիական Արարատ լեռը, Կիլիմանջարո սարի հավերժական սառցադաշտը 5.895 մետր բարձրության վրա և Սերենգետի հարթավայրի վայրի կյանքը, ինչպես նաև լճեր, քաղաքային համայնապատկերներ ինչպիսին են Նյու Յորքը և Յուտա նահանգի ազգային պուրակի կամարները, Վենեցիայի եթերային տեսարանը Իտալիայում: Նկարների մեծամասնությունը ունի կապ Հայաստանի հետ: Օրինակ՝ Նորատուսի խաչքարերը, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, որը համարվում է Հայկական ճարտարապետության զարդերից, Զեյթունի բնապատկերը, ինչպես նաև Կարսը և Կիլիկիայի բազում ամրոցները: Ցուցահանդեսի նպատակն է առաջին հերթին հանդիսատեսի հետ կիսել այն ապշեցուցիչ ճանապարհորդությունները, որ ունեցել եմ, և լուսանկարչությունը, որից հաճույք եմ ստանում: Բացի այդ, ունեմ նպատակ մարդկանց տեղեկացնելու այն բացառիկ հավասարակշռության և դրական համագոյակցության մասին, որ գոյություն ունի մարդու և բնության միջև, ինչպես նաև խրախուսելու հանդիսատեսին ճանապարհորդելու և բացահայտելու մեր մոլորակի գեղեցկությունը, որն այնքան ակնհայտ է յուրաքանչյուր երկրում: