ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
ՆՓԱԿ-ը 1996 թվականին
1990-ականների սկզբին՝ Հայաստանի անկախացմանը զուգահեռ, ժամանակակից արվեստի ոլորտում խմորվում էին արվեստի վերաձևակերպման, նոր հաստատությունների հիմնման խնդիրները: Նորարար փորձառական արվեստի կենտրոնը հաստատվեց՝ իր ետնախորքում ունենալով այս խմորումները:
Մի կողմից 1991 թվականից արդեն 3-րդ հարկ արվեստային շարժմանն այլընտրանք լինելու հայտ ներկայացնող, մեծամասամբ կոնցեպտուալ մտահոգություններով արվեստագետների (Կարեն Անդրեասյան, Սամվել և Մանվել Բաղդասարյաններ, Արա Հովսեփյան, Արաքս Ներկարարյան և այլք), մյուս կողմից 1992 թվականից Հայաստանում գործունեություն ծավալող նյույորքաբնակ արվեստագետ Սոնիա Պալասանյանի գործունեությունը բերեց Կենտրոնի հիմնադրման գաղափարին: Համատեղ աշխատանքի ընթացքում արվեստագետների միջև արվեստի բնույթի, հաստատության կառուցվածքի շուրջ ձևավորված հակասությունները սրվեցին՝ ելնելով նախ և առաջ այս գործորդների իսկ արվեստային մտահոգություններից:
ՆՓԱԿ-ն այսօր ունի իր՝ արդեն հաստատված մոտեցումները, որոնք ներկայացուցչական մակարդակում ի հայտ են բերում Կենտրոնը՝ որպես ամեն մեկի համար տեղ ունեցող մի չեզոք, բաց հարթակ, ինչը չի ենթադրում սուր լարումներ և մեծ իմաստով նաև դիրքավորում: Արվեստի այս հաստատության դիրքն ի հայտ է գալիս, երբ այն դիտում ենք ավելի լայն հարթության մեջ՝ Կենտրոնի հիմնման շրջանում արվեստի դաշտում տեղ գտած հակասությունների
անկյան տակ:
Ցուցահանդեսը շրջանակվում է 1996 թվականին տեղի ունեցող արվեստային իրադարձությունների սահմաններում: Սա այն տարին է, երբ ՆՓԱԿ-ը մեծ իմաստով կայացավ իբրև արվեստի հաստատություն, իսկ դրա շուրջ լարումներն ամենասուրն էին արտահայտվում:
21-րդ Այլընտրանքային արվեստի փառատոնի հղացքից ելնող կարիքն է մեզ դրդում վերամտածել Կենտրոնը՝ դրա դիրքի, պաշտպանած արվեստային սկզբունքների և իր ներսում ու դրսում ծավալվող հակասությունների անկյան տակ:
Համադրող՝ նարէ սահակյան
Համակարգող՝ Լուսինե Նավասարդյան