Skip to content Skip to footer

Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային Բիենալե, Երևան 2017 – ի պատվավոր հյուր, շվեյցարացի արվեստագետ Մարսել Մայերի «Քրոնիկոնի խճանկարը» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը կկայա նոյեմբերի 17ին, ժամը 19ին Նորարար Փորձառական Արվեստի կենտրոնում / ՆՓԱԿ/
Մարսել Մայերը «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության, շվեյցարական Բազել քաղաքի „Atelier Mondial“ Արվեստագետների փոխանակման Միջազգային ծրագրի և գերմանական Ֆրայբուրգ քաղաքի քաղաքապետարանի միջև 2016թ.-ից գործող Արվեստագետների փոխանակման Միջազգային վեցամսյա ծրագրի չորրորդ մասնակիցն է և 2017թ.-ի հուլիսից բնակվում ու աշխատում է Երևանում:
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը «Քրոնիկոնի խճանկարը» խորագրով անհատական ցուցահանդեսում ներկայացնում է Մարսել Մայերի գեղարվեստական տպագրության տարբեր տեխնիկաներով / փայտագրություն, լոնոփորագրություն, օֆորտ, փորագրանկար, վիմագրություն / ստեղծված 28 աշխատանք:
Այս ամիսների ընթացքում «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը շվեյցարացի արվեստագետին հնարավորություն ընձեռեց աշխատել գեղարվեստական տպագրության տարբեր արվեստանոցներում, ինչպես անհատապես, այնպես էլ աշխատարաններին մասնակից ուսանողների և արվեստասեր հանրության հետ:
Արվեստի բնագավառի ուսանողներն առիթ ունեցան Մարսել Մայերի հետ աշխատել ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Միրզոյան գրադարանի և Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի հետ համատեղ կազմակերպված չորս աշխատարանների ընթացքում: Մասնագաիտական աշխատարանների արդյունքներն ամփոփվեցին հոկտեմբերի 29ին՝ Միրզոյան գրադարանում:
Մարսել Մայերը «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության կողմից իրականացված Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային Բիենալե, Երևան 2017 – ի պատվավոր հյուրն է:
Բիենալեի մրցութային ցուցահանդեսում ընդգրկված 50 երկրի 227 նկարչի 447 աշխատանքն Երևանում առաջին անգամ ներկայացնում է գեղարվեստական տպագրության ոլորտում առկա զարգացման գեղարվեստական նորագույն միտումները և տեխնիկական նորամուծությունները:
«Քրոնիկոնի խճանկարը» խորագրով անհատական ցուցահանդեսում Մարսել Մայերի շվեյցարական Բազել քաղաքում իրականացված տպագրական թերթերը զուգորդվում են Երևանում՝ Արվեստագետների փոխանակման Միջազգային ծրագրի շրջանակներում, ստեղծագործական նոր միջավայրում կյանքի կոչված աշխատանքներին:
Մարսել Մայերի անհատական ցուցահանդեսով «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը շարունակում է հայ-շվեցարական մշակութային երկխոսությունը, որը սկիզբ է առել 2017թ.-ին Բազելում
/Շվեյցարիա/ „Atelier Mondial“ Արվեստագետների փոխանակման Միջազգային ծրագրի և „Druckwerk“ գեղարվեստական տպագրության արվեստանոցի հետ համագործակցության արդյունքում:
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը արվեստասեր հանրությանը հրավիրում է ներկա գտնվելու շվեյցարացի արվեստագետ, Բազել քաղաքի „Druckwerk“ գեղարվեստական տպագրության արվեստանոցի ղեկավար Մարսել Մայերի անհատական ցուցահանդեսին և անձամբ հանդիպելու նկարչին նոյեմբերի 17ին, ժամը 19ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում /ՆՓԱԿ/:

Քրոնիկոնի խճանկարը The Timeline Puzzle Մարսել Մայեր Marsel Mayer 2017