Skip to content Skip to footer

Անհատականության Ճգնաժամ

Դու արթնանում ես առավոտյան եւ չգիտես, թե ինչ անել: Կյանքը դարձել է մեխանիկական եւ անտանելի: Դու կորցրել ես քո իդեալները: Համընդհանուր գոհունակություն առաջացնող արարքներ գործելն այնքան անիմաստ է, որքան չգործելը: Ամեն ինչ անասելի վատ է եւ անհարմարավետ, իսկ քո զուգընկերներն այնքան անշնորք, որ չես կարողանում օրգազմ ապրել: Բնությունը չի ենթարկվում քեզ, դու ծերանում ես: Դու հայտնվել ես խելահեղ փոթորիկի մեջ եւ չգիտես ինչպես վրեժ լուծել. դառնալ ահաբեկի՞չ, թե՞ ինքնասպան լինել…
Եթե այս հոգեվիճակը ծանոթ է քեզ, ապա դու անհատականության ճգնաժամի մեջ ես, քո Ես-ը հայտնվել է փակուղում եւ չի կարողանում ելք գտնել ցանկության եւ նպատակահարմարության միջեւ:
Հեղափոխության, պատերազմի, սովի, գործազրկության, բոլոր քաղաքական եւ տնտեսական ճգնաժամերի հիմքում այս նույն հոգեբանական պրոբլեմը, իսկ տնտեսությունն ու քաղաքականությունը կառավարում են խելագարները, ովքեր առաջնորդվում են, եթե չասենք գերբնական էությունների դրդմամբ, ապա իրենց իռացիոնալ աշխարահայացքով եւ կեղծ ՙբարոյական չափանիշներով՚: Եթե կյանքում ամեն ինչ ընթանար այնքան հարմոնիկ, որքան ՙնախածննդյան խավարում՚, իսկ մենք լինեինք բնության նման ամբողջական, ապա կարիք չէր լինի գրել նման թեմաների մասին, բայց ցավոք ես գրում եմ:
Անվիճելի ճշմարտություն է, որ մարդն, ի տարբերություն մնացած կենդանիների, փորձում է բնությունը կարգավորել՝ ստեղծել արհեստական միջավայրեր, որոնք առավելագույնս կարող են ենթարկվել իրեն: Ճգնաժամն է, որ ստիպում է մտածել իրականության եւ պատկերացման անհամապատասխանության մասին: Մարդկության պրոբլեմներն ու դժբախտությունները գալիս են իրականության եւ մտքի անհամապատասխանությունից:
Մեծագույն խելագարություն է, երբ փորձում են ոչ թե պատկերացումները համապատասխանել իրականությանը, այլ ուժով սեղմել իրականության եւ պատկերացման միջեւ ստեղծված ճեղքվածքը, վերջում արդարանալով, «որ եթե այսպես լիներ, այսպես չէր լինի»: Այսօր քեզ տարորինակ է թվում դեմոկրատական ընտրությունները, որովհետեւ դու չես ընտրել քո ծնողներին, պետությունն էլ նմանեցված է ընտանիքի մոդելին: Բայց արդյո՞ք դու պետք է նմանվես մանկամիտ հիմարի, որի միակ երազանքը ժառանգություն ստանալն է: Արդյո՞ք քո խոհեմությունը չէ, որ չպետք է թույլ տա, մեկ մարդու խելագարությունն աշխարհը վերածի սադոմազոխիստական դժոխքի:
Դու փակուղու մեջ ես: Քեզ չեն հասկանում: Դու փնտրում ես պատճառները դրսում: Դու ճգնում ես՝ բնությունը ենթարկելու քեզ: Դու առաջնորդվում ես ՙՈւժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր՚ փսեւդոաքսյոմայով: Բայց դու թույլ ես, ուրեմն նաեւ մեղավոր, եւ դու անդադար արդարանում ես:
Միայն էքստրիմալ պայմաններում ես հասկանում, որ դեռ չես սկսել ապրել, որ անզոր ես հաղթելու իրականությանը (բնությունը, ուրիշ մարդկանց, ինքդ քեզ): Բայց մի՞թե քո մեծամտությունն ու ինքնահրճվանքը չէ պատճառը, որ դու այդքան ագահ եւ ժլատ ես: Աշխարհի հանդեպ սխալ պատկերացու՞մը չէ, քո գլխացավերի, ստամոքսի խոցի եւ դեպրեսիայի պատճառը, անօգուտ, բայց օգտակարությամբ բացատրվող անհեթեթ պատերազմների, սեքսի եւ դրամի անհագ մոլուցքն ու անվերջ անբավարվածությունը: Չկա մեկը, որ ցանկանա անհաջողակ լինել: Դու էլ էիր մի ժամանակ հաջողակ:
Ժրագմատիզմը բավականին հաջող բացատրում է, թե ինչու դու պետք է նպաստես, որ քո կոնկուրենտներն էլ հաջողություն ունենան, բայց դու ուզում ես լինել միակը եւ անփոխարինելին, լինել սիրված եւ ազատ: Ու դու բախվում ես քո նմաններին: Դու լքված ես, բայց մենակ չես: Եւ դու սպասում ես, որ քեզ օգնեն: Դու չես կարողանում ներել քո ծնողներին եւ հասկանալ, որ ՙդու նրանց սեռական ցանկությունների արդյունքն ես՚, եւ նրանք քեզ սիրում են քո արած գործերի համար եւ ամենեւին էլ չեն տենչում, որ դու քեզ նսեմացնելով փառաբանես իրենց, այլ ցանկանում են հասկացված լինել:

Դավիթ Կարեյան
28. 09. 99