Skip to content Skip to footer

 Կարեն Օհանյանի  <Իրական ուտոպիաներ (2005-2006) շարքը հեղինակի պատրաստվածությամբ, մաշտաբներով և հավակնությամբ կարելի է դասել վերջերս Հայաստանում ստեղծված լավագույն գեղանկարչական գործերի շարքին: Սույն հոդվածը այդ շարքի ֆորմալ-ստրուկտուրալ և սոցիալական վերլուծության փորձ է:

 Կարենն իր այս շարքն իրականացրել է մեկ տարվա ընթացքում: Տարվա տարբեր եղանակներին նա մեկնում էր քաղաքից դուրս ցողով պատված ապակիների հետևից լուսանկարում մեջքով կանգնած մարդկային ֆիգուրներ: Հետաքրքրականն այն է, որ այդ պատկերները թվային լուսանկարների ուղղակի տեղափոխումն են կտավի վրա: Իսկ պատկերը լուսանկարից կտավի վրա տեղափոխելու պրոցեսը հեղինակն իրականացնում է անմիջապես համակարգչի էկրանից, այսինքն՝ հենց թվային վիճակում գտնվող լուսանկարից:

  Ուստի մենք գործ ունենք որ թե զուտ նկարների, այլ գեղանկարչական նախագծի հետ, որն իր մեջ պարունակում է գեղանկարչական դիսկուրսի (էտյուդային դիմանկար, նուրբ իմպաստո) և ժամանակակից տեխնոլոգիական իրականության (թվային և համակարգչական տեխնոլոգիաներ) համաձուլվածքը:

  Այսպիսով, ողջ նկարը կարող ենք բաժանել երեք կառուցվածքային տարածության. առաջին պլանի ցողերի, երկրորդ պլանի ֆիգուրը և երրորդ պլանի բնապատկերը: Բայց և այնպես, պետք է նկատել, որ նկարներն ունեն ևս մեկ աննկատ մնացող պլան: Դա այն թափանցիկ ապակին է, որի վրա գտնվում են ցողերը: Այդ թափանցիկ մակերեսը, միևնույն ժամանակ, համընկնում է կտավի ֆիզիկական մակերեսի հետ: Նկատենք, որ ստեղծագործական պրոցեսի ժամանակ Կարենի հայացքը դեպի պատկերվելիք իրականությունը միջնորդվում է, առաջին՝ լուսանկարչական տեսախցիկի ոսպնյակով, երկրորդ՝ խցիկի դիմաց գտնվողապակիով, երրորդ՝ էպիդիասկոպի ոսպյակով, չորրորդ՝ համակարգչի էկրանով: Այս բազմաշերտ միջնորդվածությունը կասկածի տակ է դնում իրականության հետ արվեստագետի պարզ, անմեղ և ներդաշնակ հարաբերությունը դա դարձնելով բարդ և խնդրահարույց: Արվեստի գործ այլևս չի ծնվում ինքնաբուխ ոգեշնչման արդյունքում, այլ արվեստագետի և իրականության բարդ փոխհարաբերության մեջ: Դրանք Հայաստանյան անբարենպաստ իրականության մեջ ստեղծագործելու բարդության մասին են վկայում, որը Կարենը հոգեբանորեն շատ սուր է զգում:

  Բայց և այնպես, պետք է նկատել, որ այդ բարդությունները կարծես թաքնված են Կարենի գործերում, ճիշտ այնպես, ինչպես ապակու մակերեսն է թաքնված դիտողի աչքից: Դրանց գունեղ և լավատեսական տրամադրությունը դիտողի ուշադրությունը վանում է այդ պատկերների ստեղծման հիմքում ընկած բարդություններից: Դրանք կարծես շնչում են ստեղծագործական անմիջականությամբ ու թեթևությամբ, հենց այն անմիջականությամբ, որի պակասից էլ ծնվել են այդ գործերը:

 Կարենի գործերը ուտոպիաներ են, քանզի դրանք փորձում են  ցույց տալ այն ինչն անհնար է գտնել: Կարենը փորձում էվերգտնել կյանքում գոյություն չունեցող ներդաշնակությունը, բայց ոչ թե դա վերստեղծելով արվեստում, այլ իրականում հայտնաբերելով հենց այն իրականության մեջ, որտեղ այն չկա: Նրա պատկերները ֆիքսված և նույնությամբ վերարտադրված են Հայաստանում, դրանք, պարադոքսային կերպով, հայկական իրականության մասն են, ինչն էլ դրանց տալիս է իրական ուտոպիաների կարգավիճակ: Նա մեկնում է գյուղավայրեր, փորձում է ֆիքսել մարդու և բացակա բնության ներդաշնակությունը, միաձուլում է բնական տարերքը մարդկային կերպարի հետ դարձնելով իրարից անբաժան մեկ ամբողջականություն:

Համադրող՝  Վարդան Ազատյան  

ՆՓԱԿ, 2006