Skip to content Skip to footer
Մտորումներ  քաղաքային և արդյունաբերական
թափոնների մասին

Դասականության մեջ մեղադրված լինելը դանդաղ և աննկատ վերածվում է հաճելի զգացողության։ Կրել «կոնսերվատորի» պիտակը և դառնալ «պրոգրեսի» հակառակորդ, այլևս վախենալու չէ։ Ինչու՞։

Տպավորություն է ստեղծվում, որ «պրոգրեսիվները» և «ռեակցիոնիստները» կարծես թե լավ չեն պատկերացնում, թե որտեղ է սկսվում և վերջանում յուրաքաբչյուրի սահմանը։  Եվ չնայած որոշակի համոզմունքներին, դրանք մշտապես լինում են հատվածային։  Այս ֆոնին դասականությունը, որը դուրս է պրոգրեսի և ռեակցիոնի տրամաբանությունից, նրբորեն վերածվում է կարոտախտային կատարելության։  Նրա ժամանակային հեռավորությունը մեզ իրավունք է վերապահում դիտարկել նրան, որպես ինչ-որ կատարյալ երևույթի։ Իսկ իրականում այն փախուստի միջոց է դառնում ժամանակակից աշխարհի աղմուկից և գուցե ժամանակավոր մեկուսանալու միջոց։

Ժամանակակից աշխարհի երեք հզորագույն  ագրեսիվ «հրեշները»՝ ուրբանիզացիան, համատարած աղմուկը և ինֆորմացիոն անկանոն հոսքը, ամեն վայրկյան մարդուն հիշեցնում են իր փոքրությունը և. ճնշում, ճիշտ այնպես, ինչպես դրա մասին հիշեցնում էին գոթական տաճարները ։

Այս ֆոնին «պրոգրեսը» առաջ է քաշում մի շարք անհարմար հարցեր` հնարավոր չէ միանշանակ պաշտպանել կամ հերքել պրոգրեսը։ Եվ ժամանակավոր մեկուսացումը թույլ է տալիս մտածել, վերլուծել և հասկանալ նրա սահմանները։ Նման մի փորձառության ժամանակ իմ վերլուծություններն ինձ բերեցին արվեստներից դեպի ամենավերացականը՝ երաժշտությունը, իսկ ավելի ստույգ՝ նրա ծաղկման շրջանը՝ ուշ բարոկկո։

Բարոկկոյի հանճարեղ հայտնագործություններից մեկը պոլիֆոնիկ երաժշտությունն էր՝ աջ և ձախ ձեռքերի հավասարազոր միացությունը։ Եվ ինչու՞ էր դա հնարավոր հենց այդ ժամանակ։ 16-18-րդ դարաշրջանների Եվրոպան թևակոխում էր նոր հետաքրքիր փուլ։ Չմանրանալով պատմական մանրամասնությունների մեջ՝ նշենք, որ Արևմտյան Եվրոպայի համար դա գաղութացման դաժան ժամանակաշրջանի ծաղկման փուլն էր, որի հետևանքով և, ոչ միայն, Եվրոպայում նոր թափ ստացավ ուրբանիզացիան և արտադրությունը։

Սակայն ժամանակակից գիտության ձեռքբերումները մնում էին դեռ բնական նյութերի կարգավիճակում, իսկ քաղաքաշինությունը դեռ ի վիճակի չէր հասնելու կատաստրոֆիկ մասշտաբների։ Այսինքն՝ կային քաղաքներ, բայց չկար աղմուկ,կար արտադրություն, կային թափոններ, բայց չկային էկոլոգիական աղետներ։ Եվ քաղաքակրթության ու բնապահպանության խնդիրը սերտաճված էր և ուներ բնականոն ընթացք, ճիշտ այնպես, ինչպես Բախի ստեղծած պոլիֆոնիկ երաժշտությունը միաձուլում էր աջ և ձախ ձեռքերը։ Այսինքն ուղեղի՝ տարբեր պատասխանատվություն կրող աջ և ձախ կիսագնդերը։

Իհարկե, ժամանակաշրջանը կատարյալ չի եղել, սակայն այն կրում էր իր մեջ բնության և քաղաքակրթության ներդաշնակություն, և դրա հետևանքով էլ հենց առաջացավ պոլիֆոնիկ հարմոնիան։ Չկառչելով «հարմոնիկ»» ժամանակաշրջանի հաճելի կարոտախտային զգացողություններից և տեղափոխվելով ժամանակակից աշխարհ՝ մենք հասկանում ենք, որ մի քանի հարյուր տարի առաջ սկսած պրոգրեսը առավել գիտության տեսքով ներխուժել է ոչ միայն մեր գործնական, այլ նաև մեր անձնական կյանք։

Ժամանակակից աշխարհի երեք «հրեշները» չեն խնայելու ոչ ոքի, առավել ևս տնտեսապես աղքատ խավին և տնտեսապես թերզարգացած պետություններին, քանի որ դրանք են հենց, որ օգտագործում են արտադրության ավելի հետամնաց մեթոդները, ինչի հետևանքն են թափոններն ու թունավորումը։ Սակայն որն է սրա լուծումը։ Թափոնների պատշաճ վերացումը թանկ հաճույք է, ինչի հետևանքով կթանկանա 2-րդ և 3-րդ աշխարհի արտադրանքի գինը։

Եվ այլևս չի լինի հետաքրքիր առավել զարգացած արևմտյան երկրների համար, որի ցավալի հետևանքը կլինի պետությունների սնանկացումը և արտաքին թշնամու որոնումները։ Մի խոսքով ասած՝ Համաշխարհային պատերազմ։ Ո՞րն է սրա լուծումը։ Ես անկեղծորեն չգիտեմ։ Եվ չեմ էլ հավատում, որ գոյություն ունեն դրանց մոտակա լուծումները, ինչպես գլոբալ տաքացման խոշորագույն պետությունների քաղաքական անպտուղ հավաքույթները, որոնք ավելի հիշեցնում են հաջողակ մարդկանց գործուղումներ, որին նվիրված մի հետաքրքիր քանդակ կա Գերմանիայում, թե ինչպես են քաղաքական գործիչները, մինչև կոկորդները ջրի մեջ, քննարկում գլոբալ տաքացման լուծման ուղիները։

Արվեստագետի հեգնանքը, ցավը և մտահոգությունը անձամբ ինձ համար դառնում են միակ հույսը։ Արվեստագետը չի առաջարկում լուծումներ և ի վիճակի էլ չէ։ Նա ուղղակի ցանկանում է մնալ մարդ։ Մենք իրականում չգիտենք իրադարձությունների հետագա զարգացումը։ Հնարավոր է, որ բնությունն ինքը հոգա իր խնդիրները։ Գուցե նաև պետությունները տնտեսապես այնքան զարգանան, որ թափոնների ուտիլիզացիան այլևս խնդիր չլինի, և էկոլոգիական աղետները կանգ առնեն, կամ չունենան նման աղետալի մասշտաբներ։ Սակայն ե՞րբ կլինի դա, և արդյո՞ք բնությունը կհասցնի վերականգնվել։ Մենք իրոք դրա մասին չգիտենք։

Եվ այս անորոշության պայմաններում արվեստագետի խոսքը, ստեղծագործությունը վերածվում է մի կում օդի։ Թափոնների հետ աշխատանքը լուծում չէ։ Այն մարդու հպարտությունն է, որը չի թույլ տալու մեզ թուլանալ։ Թափոններից ստեղծված ժամանակակից արվեստի նմուշները պոլիֆոնիկ երաժշտության նման միաձուլում են քաղաքակրթության ևպրագմատիզմի հետևանքները, ինչպես նաև կյանքի ու էսթետիկայի նկատմամբ ընկալումները։ Թափոններից ստեղծված ինստալյացիան դատապարտված է լինել էսթետիկ, անգամ եթե վիզուալ աէսթետիկ է, քանի որ այն թափոններին տալիս է երկրորդ կյանք՝ ստեղծելով ժամանակակից հարմոնիա, որը գուցե հեռավոր ժամանակների հարմոնիայի աղոտ արձագանքն է։ Ո՜վ գիտի։

Էդգար Ամրոյան 2021թ․
Բացումը՝ 22.10.2021