Skip to content Skip to footer

“ARTICLE”

Ժամանակակից արվեստը պատկերների մասին չէ, այլ պատգամի: Այն նոր տեխնիկական հմտություններով, հոգեբանության և հույզերի արտահայտություն է:
Ժամանակակից արվեստի խնդիրը իրականը լուսանկարչական ճշգրտությամբ կրկնօրինակել չէ: Այն չի միտում բնապատկեր կամ նատյուրմորտ վերարտադրել—պատկերել իրական արև ու նրա արտացոլումը ջրի մեջ, կամ ցույց տալ թէ ինչ հմտությամբ է պատկերվել հյութեղ խնձորը, և այլն: Ժամանակակից արվեստը մտքի թռիչքի մասին է, սահմանները ջարդելու ու նրանց գերազանցելու մասին…
Երբեմն շփոթում ու պատկերացնում են, որ ժամանակակից արվեստը ամբողջովին խոսում է էսթետիկայի հմտությունների մասին: Շատերը կարծում են, որ ՙլավ ժամանակակից արվեստ՚ նշանակում է կրկնօրինակել իրական պատկերները այնպես ինչպես նրանք կան, առանց մանրամասնություն բաց թողնելու: Սա թերևս ճիշտ է ի սկզբանե: Սակայն ցանկացած ժամանակակից ստեղծագործություն զգացմունքների և պատգամների լիարժեք համագումար է: Հակառակ դեպքում այն անկարող կլինի հարաբերվել ու խոսքն ու պատգամը փոխանցել: Խնդիրը, հետևաբար խորքային է և փիլիսոփայական, ոչ թե մակերեսային մանրամասնությունների ներկայացում:
Վահագնի նկարները դիտելիս տեսնում ենք բազմաթիվ շերտերից, սիմվոլներից ու այլաբանություններից բաղկացած պատկերներ՝ հստակ կոմպոզիցիաներ: Բնազդով Էքսպերիմենտներ սիրող արվեստագետի համար արվեստը շատ սուբիեկտիվ է: ՙՑանկացաց արվեստագետ պիտի լինի եսասեր և անի ինչ ուզում է: Ես, եսասեր լինելով հանդերձ, ներկայացնում եմ իմ սերունդը, որը՝ աշխարհին ապացուցելու շատ բան ունի՚ ասում է արվեստագետը:
2010 թվին ՆՓԱԿ-ում կայացած ՙNo Comment՚ Վահագնի առաջին անհատական ցուցահանդեսին հիմա հաջորդում է ՙArticle՚ ցուցահանդեսը: Այն ներշնչված է մեր առօրյան դարձած քաղաքական անց ու դարձից՝ մաքսային դաշինք, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններ, սառը պատերազմ, Ուկրանիա, Հայկական բանակ, գազի թանկացում և … Այս բոլորը մրջյունի բնի պես իրար մէջ հյուսվել ու խճճել են մեզ:
<<Համաձայն եմ բոլոր քաղաքական ու սոցիալական մտքերի, գաղափարների, ու արտահայտչական միջոցների ազատ դրսևորման հետ: Բայց համաձայն չեմ մշակութային արժեքները ոչնչանցնելու և դրանց տեղ ՙնորը՚ կառուցելու հետ: Իրավունք չունենք անարգել մշակութային արժեքները երկրների խորհրդանիշ՝ դրոշները, կամ հուշարձանները, որոնք հաճախ վանդալիզմի զոհ են դառնում: Մարդիք կորցրել են մշակութային արժեհամակարգն ու ամեն ինչ արվեստ են համարում: Երկու տասնամյակ առաջ Հայաստանում ավելի ակտիվ և լուրջ արվեստի միջավայր կար քան հիմա>> ասում է Վահագնը:
Արվեստը դժվար է մեկնաբանել, կամ բացատրել բառերով: Թերևս պատասխանը գտնելու համար պետք է զգացմունքային մոտենալ հարցին՝ թե ինչ ազդեցություն, պատգամ կամ հետք ենք կրում մեզ հետ ստեղծագործությունը դիտելուց հետո:

Արփա Հակոբյան
Համադրող