Skip to content Skip to footer

ՍԵՒ/ՍՊԻՏԱԿ
լուսանկարչական ցուցահանդես

Արդի լուսանկարչությունը, երկար ճանապարհ է անցել` բազում արտադրական պրոցեսների կատարելագործմամբ և այժմ ժամանակակից ՙթվային՚ աշխարհի անբաժան մասն է: Չնայած հակասական կարծիքների բազմազանությանը, այնուամենայնիվ լուսանկար¬չությունը կարելի է բնորոշել որպես օբյեկտիվ իրականության դոկումենտալ վերարտադրության հզոր մեթոդ: Այս արտահայտչամիջոցի զարգացմանը զուգընթաց կային բանավեճեր դրա արվեստային լինելու շուրջ: Անցած դարի արվեստագետները և նկարիչները ՙլուսագրությանը՚ վերաբերվել են որպես իրականության մեխանիկական(!) կրկնօրինակում: Սակայն, ժամանակի ընթացքում, ավելի տարածվեց այն կարծիքը, որ լուսանկարչական արվեստը, եթե այդպիսին ընդհանրապես կարող է գոյություն ունենալ, պիտի առաջանա ոչ որպես հետևորդը գեղանկարչության, այլ սեփական հիմքերի վրա: Հիմքեր (հնարքներ), որոնք բնորոշ են միայն լուսանկարչությանը: Պատմականորեն լինելով լուսանկարչության սկզբնաղբյուրը, մերօրյա սև/սպիտակ լուսանկարը իրականության արհեստական այլաձևմամբ պարտադրում է իր սեփական գեղագիտությունը: Այն իր մեջ կրում է հեղինակի սուբյերտիվ վերաբերմունքը և շարունակում է մնալ որպես ՙլուսանկարչական արվեստի՚ կարևորագույն դրսևորումներից մեկը: Սեւ/Սպիտակ ֆոտոցուցահանդեսի մասնակից հեղինակների մոտեցումերը տարբերվում են թե իրենց լուսանկարչական լուծումներով ու թեմատիկայով և թե դիտակետերի տարբերությամբ: Ֆորմալ յուրահատուկ էսթեթիզմով աչքի են ընկնում Արթուր Սակխալյանի և Սևադա Պետրոսյանի լուսանկարները, որտեղ ձևը ՙնշանակում՚ է բովանդակություն: Շարիս Կարապետյանի, Ալի Անսարիի և Լիլիթ Ալթունյանի դեպքում տեսնում ենք գծերի դինամիկ տրամադրություն: Իրականության գեղարվեստական փաստագրությամբ կարելի է նշել մի խումբ լուսանկարիչների, որոնցից ոմանք մի դեպքում անդրադառնում են սոցիալ-քաղաքական թեմատիկայի (Անահիտ Հայրապետյան, Էդգար Դանղյան, Արմեն Տեր Մկրտչյան), մեկ այլ դեպքում մեզ շրջապատող իրադարձությունների դիպուկ անդրադարձ են (Սարգիս Վիրաբյան, Մկրտիչ Նազարյան, Սեդրակ Մկրտչյան, Կարեն Միրզոյան, Նվարդ Երկանյան, Ալբերտ Բաբելյան): Մի դեպքում լուսանկարիչը տալիս է ընդհանուր պլանի հանգստությունը (Էլինա Շահնազարյան), մի դեպքում մեր ուշադրությունն է հրավիրում նյութի խոշորացման միջոցով ստացված լարմանը (Էդվարդ Թադևոսյան): Մեկ նա խաղում է խցիկի առջև գտնվող օբյեկտի հետ ստեղծելով անիրական պատում (Ինգա Իվանովա, Անաստասիա Դանիելյան), մեկ ընդհանրապես բացառում է նյութը որպես այդպիսին (Թոմ, Սուրեն Առաքելյան): Լույսը մեկ մեզ է հաղորդում դիմանկարի ու իրավիճակի ներդաշնակ լռությունը (Արտաշես Ստամբոլցյան, Թաթուլ Կարախանյան), մեկ անհանգստացնում քաղաքի քաոսային աղմուկով (Արմեն Հակոբյան): Իսկ ոմանք պատկերի հետ խաղալիս ստանում են հակադրություններ ու կրկնողություններ, որոնք բացարձակորեն փոխում են իրականության մեզ ծանոթ սահմանները (Անուշավան Հովակիմյան, Համազասպ Պիչիկյան): Այսպիսով, անկախ ժանրային կամ կատարողական տարբերություններից, այս լուսանկարիչների փնտրտուքները հերթական անգամ գալիս են ապացուցելու որ լուսանկարիչն այլևս ազատ է կաղապարներից, իսկ լուսազգայուն մակերեսը անեզր:

Էդուարդ Թադևոսյան
Վահրամ Ակիմյան