Skip to content Skip to footer

Պատկերը արդիականության և իրականության միջև

Համատարած միմիկրիայի ժամանակաշրջանում, երբ նշանային հագուստը վաղուց արդեն մենաշնորհ չէ, իսկ կրոնական “տարազը”, միայն ուժային գործոն, կարծում եմ խոսակցությունը կերպարի մասին բավական հրատապ է: Արվեստում մենք վաղուց արդեն չենք հանդիպում ոչ պաշտամունքային, բայց ազդեցիկ կերպարների, փոխարենը` քաղաքական գործիչների և աստղերի դիմանկարները հետապնդում են մեզ ամենուրեք`պարտադրելով իրենց image-ային կարծրատիպերը: Դա այնքան էլ անմեղ կամ անկանխակալ զբաղմունք չէ, ինչպես կարելի է ընկալել առաջին հայացքից: Շատ ագրեսիվ, իսկ երբեմն էլ զգույշ գայթակղությամբ, դրանք ցուցանում են` թե ինչպիսին պետք է լինի արդի ժամանակների կերպարը: Իսկ ինչպիսին պիտի լինեն մնացածները, ովքեր նույնպես հավակնություն ունեն լինել իրենց ժամանակի արտահայտողը: Արդյոք անհրաժեշտ է այսօր “սեփական դեմք” ուենալ, թե ֆոտոռետուշը և շպարը շատ հարմար են շտկելու, նույնացնելու, համապատասխանեցնելու անհրաժեշտ ստանդարտին: Խնդիրը նույնքան հրատապ է, ինչպես ոսկու, նավթի և տարադրամի փոխարժեքի տեսությունը:
Դիմապատկերների բազմազանության մեջ հազիվ թե գտնվեն այնպիսիները, որոնք առանց լրացուցիչ տեքստային իմֆորմացիայի կարող են իրականության մեջ ինքնուրույն ինչ որ բան նշանակել, և որ ավելի կարևոր է հիշվել: Իսկ մենք սկսում ենք կասկածի տակ դնել մեր հիշողությունը և այն վերականգնելու մեթոդներ որոնումը: Արդի բազմաթիվ նորիմաստ բառակապակցությունների մեջ մենք հաճախ հանդիպում ենք մի բավական հավակնոտ արտահայտության` “Face control”: Իհակե դժվար է կանխագուշակել այդ control-ին համապատասխանող իմիջը, քանի որ արդիականության կերպարները ծայրահեղորեն հակասական են, որպեսզի ինչ որ հստակություն մտցնեն վարքագծի կամ կերպարային հավաքականության մեջ: Հասարակությունները անդադար փորձում են շտկել իրենց նախկին սխալները, կամ ավելի ճիշտ բուժել այդ սխալներից առաջացած սպիները: Դա անելու ամենափորձված մեթոդներից է, կանանց իմիջային փոփոխությունները:
Փոխվում է քաղաքականությունը և դրա առաջին նշանը երևում է կանանց “համազգեստների” մեջ փաթեթավորելու ցանկությամբ, լինեն դրանք զինվորական համազգեստ հիշեցնող հագուստներ, չադրաներ, թե կրծքի բացվացքների և շրջազգեստների երկարության մոդուլներ կարգավորող կարծրատիպեր: Իսկ դեմքերը, կամ փակված են, կամ ստանդարտին համապատասխան շպարված, կարծում եմ մեթոդը նույնն է:
Սակայն անհատականացման ցանկությունը, այնուամենայնիվ, չի վերանում, և մերկություն չհամարվող մերկությունը` դեմքը նորից ի հայտ է գալիս որպես ժամանակային կնիքը կրող ականատես: Միայն հանկարծ պատահականորեն չշփոթեք, թե խոսքը գնում է մեր բոլորի արխիվներում կուտակված ծիսակատարությունների կամ ճանապարհորդական հիշողությունների պատկերների մասին, դրանք միայն փաստեր են, որոնք սփոփում են մեր քայքայվող ֆիզիկական և մտավոր պոտենցիալը և հազիվ թե որևէ ազդեցություն ունեն մեկ ուրիշի վրա (ամեն ոք ունի իրենը): Անձնականության ճանաչելիության և անհատականության իմաստավորման առաջնության կարևորությունը , այն բարդագույն և վիճարկելի խնդիրն է, որ երբեք չի դադարում լինել “հավակնոտ հետաքրքիր”: Անհատական և հավաքական էգոիզմի միջև գոյություն ունի քաղաքականության շահարկում, որ հնարավոր չէ բացառել կամ չնկատել, այն հնարավոր է միայն միամտորեն մերժել, որը հին և հայտնի մեթոդ է` իրականության մեջ որոշակի խորշ լրացնելու տեսանկյունից: Ցանկացած քննադատության համար անհրաժեշտ է տիրապետել որոշակի ընդունված բանավեճային նորմերի`տերմինների,հեղինակությունների մեջբերումների, քանի որ այդ նորմերի մերժումը կամ վերաիմաստավորումը հնարավոր է դարձնում այսօրեական- պոստմոդեռնիստական իրավիճակում նորովի ընկալել բավական հին իմաստներ: Նոր գաղափարների փնտրտուքի ժամանակներին բնորոշ է փնտրել դրանք վերացական- ուտոպիկ` արտահայտություններում, իսկ իրականությունը ի հակադրություն “պաշտոնական կարգավորվածությանը”, ներկայացնել որպես ընդանրացված սոցիալական բողոքի պատկեր: “Պաշտոնական” և “Քննադատական” հակադիր մոտեցումների կարծրատիպերը իբրև կանոն բացասական են տրամադրված անհատականացման գաղափարին, համարելով այն դեկադենտական և անկառավարելի: Սակայն կարծում եմ գոյություն ունի մի անվիճելի պայման, որ արվեստը պիտի լինի հետաքրքիր և տպավորիչ: Հետաքրքիր արվեստը անհատական դիրքորոշման իրավունքի խնդիր է, իսկ դրա համար պետք են կերպարներ(դիմանկարներ), որոնք այլընտրանքային լինեն հակամարտող քլիշեների ժամանակաշրջանում:
Արևիկ Արևշատյան