Skip to content Skip to footer

Լույսի ժամանակակից ընկալումը լիովին փոխեց ժամանակի եւ տարածության մեր նախկին պատկերացումները` վերաձեւելով երկրագնդի արտաքին տեսքը: Նոր տեխնոլոգիաները կրճատեցին նաեւ միջմշակույթային տարածությունները:
Ամենաթանկը գնահատվեց տեղեկատվությունը, որով էլ պայմանավորվեց մարդու հիմնական ազատությունների համար մղվող պայքարը: Մեծ է նաեւ նոր տեխնոլոգիաների դրական դերը գիտության, բժշկության, արդյունաբերության եւ առեւտրի բնագավառում: Միաժամանակ անհնար է չնկատել տեխնոլոգիաների հասցրած լուրջ վնասները:
Այսօր արդեն երկրագունդը կանգնած է էկոլոգիական լուրջ աղետների առաջ. համընդհանուր տաքացում, մարդկային քանակի կտրուկ աճ, բիոլոգիական խեղումներ եւ այլն: Հարկ է գիտակցել, որ ամեն մի մարդու ընտրությունից է կախված երկրագնդի ճակատագիրը: Ստեղծված իրավիճակը մեծացնում է ցանկացած մարդու, հատկապես արվեստագետի պատասխանատվությունը: Հին ավանդույթները եւ նոր տեխնոլոգիաները կարող են ունենալ անկանխատեսելի հետեւանքներ:
Ինչպես է հնարավոր հաղթահարել հայրիշխանական ուժային կոպիտ դրսեւորումները, անհանդուրժողականությունն ու անիմաստ սպառումը` պաշտպանելով կյանքը երկրագնդի վրա:
Մենք աշխարհը ընկալում ենք պատկերներով: Դրանք մեզ ցույց են տալիս ուր գնալ, ինչ անել եւ նույնիսկ ինչ զգալ: Պատկերներն օժտված են մոգական ուժով, դրանց ինտերնացիոնալ լեզուն ի վիճակի է միավորել մարդկանց, տեսանելի դարձնել հրատապ խնդիրները:
Էրիկ Բերնը պնդում էր, որ արվեստն, ի տարբերություն գիտության, ներկայացնում է աշխարհի ցանկալի պատկերը: Եթե գիտությունը նպաստում է շրջապատող միջավայրի ճանաչմանը, ապա արվեստը, ցուցադրելով ցանկալին, բացահայտում է մարդու ու հասարակության զգացմունքները: Արվեստի իրական ստեղծագործությունները, Մատիսը համեմատում էր հանգստացնող փափուկ բազմոցի հետ, որը դեղահաբի պես վերացնում է գլխացավը:
Արվեստի ուժը իրականության չափազանցման մեջ է: Արվեստում մենք գտնում ենք այն, ինչը կյանքում գոյություն չունի, իսկ կյանքը ձգտում ենք նմանեցնել արվեստին: «Ավելի մարդկային, քան մարդկայինը իմաստին ձգտող արվեստի ստեղծագործությունները զուտ դատարկ լավատեսություններ չեն: Արվեստի ստեղծագործությունները մեր իրականության մի մասն են կազմում, դրանով իսկ փոխում իրականությունը:
«Նոր տեղականություն նախագիծը միտված է բացահայտել ժամանակակից մարդու ինքնությունը մշակույթային գլոբալացման, տեխնիկական հեղափոխությունների ու կենսաբանական խեղումների դարաշրջանում:
Այն բաղկացած է իրարից անկախ եւ միմիյանց լրացնող մի շարք կտավներից: Վեցանկյուն մակերեսին տեղակայված պատկերները համակարգչային ծրագրերով ստեղծղծված թվային անիմացիաներ են, որոնք վերարտադրվել են կտավին յուղաներկով: Համակարգչի միջոցով վերացական արվեստի ինքնավարությանը միացնելով սյուրռեալիստական ինքնաբերության սկզբունքը, ավելացնելով պոպ արտի արդյունաբերական գեղագիտությունը` ես ձգտում եմ գտնել գեղանկարչության նոր հեռանկարներ:
Թվային տեխնոլոգիաները մեծապես նպաստում են պատկերների հետ աշխատելու գործընթացին: Ամեն մի նորություն ծնում է նորը: Արվեստի նոր ձեւերը մերժում են հասարական այն բարքերը, որոնք ենթակա են բարեփոխման, բայց հարմարվողականության պատճառով դանդաղում են: Ավանդական եւ արդիական տեխնիկաների համադրմամբ ես փորձում եմ գտնել նորի եւ հնի, արհեստականի եւ բնականի հնարվոր համակեցությունը: