Skip to content Skip to footer

2007 թվին, երբ հրավիրվեցի ստեղծել վիդեո-ինստալացիա, մի ցուցահանդեսի համար որը կոչվում էր «Սիմվոլների բնապատկեր, կառուցապատված միջավայրի բնապատկեր, երազների բնապատկեր…» ես մտածեցի մի լեռան մասին։ Դա երեւի այն պատճառով էր, որ առաջարկը կարդալիս ճամբորդում էի Շվեյցարական լեռներով, կամ գուցե որովհետեւ անցյալ երկու տարիների ընթացքում այդ հրաշալի լեռները եղել են իմ առօրիայի մի մասը…

Լեռը, որին ես անդրադառնում եմ իմ աշխատանքում կարեւոր դեր է զբաղեցնում իմ գիտակցության մեջ։ Հակառակ Շվեյցարական լեռներին, ես այս լեռան շրջապատում երբեք չեմ ապրել, բայց իմ ծագումն ու ինքնությունը որոշակիորեն կապված են նրա հետ։ «Լեռը գալիս է ինձ մոտ» նախագիծը Արարատ լեռան մասին է՝ այդ հերոսական լեռը որն անշարժ նստած է Թուրքիայի հարավ-արեւելյան անկյունում։ Այս հնադարյան հրաբխային լեռը պատկանելիության երկար պատմություն ունի։ Հայերը, մ.թ.ա. 3-րդ հազարամյակից սկսյալ այս լեռան առաջին «հյուրընկալներից» են եղել։ Վրաստանը, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան հերթով որդեգրեցին Արարատը։ Վերջին անգամ Արարատը Հայաստանի մաս կազմեց 1918-ից 1920 թվականներին։ Արարատը տեսանելի է Հայաստանի մայրաքաղաք, Երեւանի համարյա բոլոր պատուհաններից։ Բայց սա միայն տեսարան է, այն էլ միայն մեկ կողմից։ Լեռան մյուս կողմը կարելի է տեսնել միայն Թուրքիայից։

Դարերի ընթացքում սահմանները տեղաշարժվել են այս բնական իկոնայի շուրջ որպեսզի նրան ներգրավեն մեկ կամ մյուս երկրում։ Բացի նրա երկարամիա սիրաբանությունը հայերի հետ, ոմանք այն համարում են առասպելական Նոյան Տապանի խարսխավայրն եւ այդ պատճառով նրան համարում են սրբազան լեռ։
Հետեւաբար կարելի է ասել, որ Արարատը վայելում է մի համապարփակ գրավչություն։

Արարատի րոմանտիկ եւ խորհրդավոր պատկերը ներկայացնելու փոխարեն, այս ինստալացիան առաջարկում է այս սրբազան լեռը ժամանակավորապես պարտք վերցնել, աշխարհով մեկ շրջագայելու համար։ Մի վիրտուալ տեղաշարժ, բնականաբար խոստանալով, որ նա ի վերջո կվերադարձվի իր ներկայում գտնվող վայրը։

Ալինա Մնացականեան