«Քարտեզագրելով կորուստը» ցուցահանդես
«Հիշողությունն արդյոք այն է, ինչ պահում ես, թե՞ այն, ինչ կորցնում ես…»
2020 թ․ Արցախյան երկրորդ պատերազմից և 2023 թ․ համապարփակ տեղահանությունից հետո տասնյակ հազարավոր մարդիկ զրկվեցին իրենց տներից, համայնքներից, մշակութային ժառանգությունից և ապրելակերպից։ Այս գործընթացն ուղեկցվեց ոչ միայն հումանիտար աղետով, այլև մարդու հիմնարար իրավունքների խախտումներով, ներառյալ՝ սեփականության, ազատ տեղաշարժի, կրթության և մշակութային ինքնության իրավունքները։ Ոտնահարվեցին միջազգային մարդասիրական իրավունքի և փոքրամասնությունների պաշտպանության հիմնական նորմերը։
Ցուցահանդեսի նպատակն է՝ քարտեզագրել այդ կորուստները՝ ներկայացնելով ինչպես անհատական, այնպես էլ հավաքական փորձառությունները։ Յուրաքանչյուր ցուցանմուշ դիտվում է որպես քարտեզի կետ, որտեղ անհատական հիշողությունները միանում են ընդհանուր պատմական և իրավական համատեքստին։
Ներկայացված նյութերը տրամադրվել են Արցախից տեղահանված անձանց կողմից․ լուսանկարներ, տեսանյութեր, արվեստի գործեր, նոթեր և առօրյա ու անձնական իրեր։ Դրանք մի կողմից փաստում են տեղի ունեցածի մասին, մյուս կողմից՝ հնարավորություն են տալիս վերլուծելու կորուստների իրավական, քաղաքական և մշակութային հետևանքները։
Ներկայացված են նաև արվեստագետների աշխատանքներ, ովքեր տվյալ ժամանակահատվածում ստեղծագործել են թեմայի շուրջ՝ արտահայտելով պատերազմի և տեղահանության փորձառությունն արվեստի լեզվով։ Նրանց ստեղծագործությունները լրացնում են ցուցահանդեսի փաստագրական շերտը՝ անդրադառնալով հիշողության, տան և ինքնության կորստի թեմաներին։
Ցուցահանդեսը կազմակերպված է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի կողմից։
Նոյեմբերի 20 – Դեկտեմբերի 10.
ՆՓԱԿ,2025








