Skip to content Skip to footer

ՇՆՉՈՂ ՔԱՂԱՔ

ԼԻԼԻԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ անհատական ցուցահանդես 

Համադրումը՝ ՆՓԱԿ թիմի

 

Շարժվող պատուհանները գլխապտույտ են առաջացնում…

Երևանն ասես ռուբիկ-կուբիկ լինի. անընդհատ քանդվում ու հավաքվում է, ես էլ հետը…

Քաղաքը թեմա է։

Կարծում եմ պատահական չէ քաղաքի թեման։ Ամեն օր առաջին տեսարանը, որ պատուհանից բացվում է, քաղաքն է։ Քաղաքի փողոցները իրենց ռիթմով տանում են քաղաքին պատկանող վայրեր։ Ճանապարհին քաղաքը քանդվում, վերանորոգվում, փոխակերպվում ու հավաքվում է։ Որոշ ժամերին քաղաքի նյարդերը չեն ձգում, ուրիշ քաղաքներ այցելելու ցանկությունը մեծացնելու նպատակով քաղաքի երակներում խցանվում են քաղաքի բնակիչները ու ճնշումը բարձրանում է մինչև 180 մմ ս.ս, հրապարակով անցնող մեքենայի արագությունը գերազանցում է ճնշումը, իսկ մետրոն միևնույն ժամանակ լևիաթանի ախորժակով կուլ է տալիս հազարավոր մարդկանց ու նրանց դառը տրամադրությունից դուրս է թքում վերջին կայարանում, որտեղ մի նոր մոխարագույն զանգված շտապում է իրեն դեռ տասնհինգ տարի չպատկանող նորակառույց շենք…

Քաղաքը հարց է։

Պատկերացնենք, որ քաղաքը “ցուցադրության վայրերի” հավաքածու է, որտեղ արտացոլվում են արժեքները, մտքերը, գաղափարները և սկզբունքները։ Տգեղությունը, լքվածությունը, անջատվածությունը, փախուստը դառնում են ժամանակակից քաղաքը նկարագրելու և կենդանացնելու հիմնական նարատիվները։ 

Քաղաքն ինքնին նարատիվ է, «տեքստ, որը հիմնված է տարածական օրինաչափությունների և իմաստալից կառուցվածքների քերականության վրա» (T. Jachna, Cyburban Semiotics, Split 2004):

Քաղաքի տեքստում կարելի է “կարդալ” պատերի նկարները, փողոցների անունները, խանութների ցուցափեղկերը, պատուհաններից բացվող տեսարանները, մարդկանց զրույցները, հիշողությունները, հույզերն ու արտահայտվելու ձևերը։ Դիմացի շենքի պատուհանները “կարդալիս” լույսերը աչքերի շարժման հետ սկսում են շարժվել սկզբում դեպի աջ, հետո իջնում են հաջորդ հարկ նորից դեպի աջ շարժվելու համար։ Պատուհանները դանդաղ հավաքվում են իրար վրա ու, կարծես, թափվում են գլխիդ։ 

Քաղաքը տեքստ է։

Եթե քաղաքը տեքստ է (K. Lynch, The Image of the City. Cambridge, MA 1960), ինչպես այն կարդալ այստեղ՝ արվեստի տարածքում։ Եթե քաղաքը “կեղծ” (pseudo-text,  Gottdiener, Lagopoulos) տեքստ է, կարող է արդյոք այն վերածվել “իրական” տեքստի՝ դառնալով արվեստի թեմա ու պատկեր։ Այս հարցերի շուրջ մտածմունքը սկսվում է Լիլիթի քաղաքային տեսարաններից, որոնք ինքնին նարատիվներ են, դրանք կապված են արվեստագետի հիշողության, զգացմունքների, հույզերի ու պատկերացումների հետ։ Ցուցահանդեսում ներառված գործերը դառնում են արվեստագետի պատկերացման արդյունքը։ 

Քաղաքը պատկերացում է։

“Պատկերացումը” ձեռք է բերում ևս մեկ իմաստ՝ պատկերի վերածում։ Մենք այլևս գործ ունենք նոր քաղաքի հետ, որը “պատկերացված է” իրական քաղաքից պոկված նարատիվների հիման վրա։ 

Քաղաքը պատկեր է։

Արվեստագետը քանդում է իրական քաղաքի քերականությունը ու հավաքում դրանք պատկերների միջոցով արվեստի տարածքում։ 

Այսպիսով նշանները, որոնք ուղղորդում են արվեստագետին կարդալ քաղաքը որպես քանդվող-հավաքվող, մասնատված, փախչող, ճնշող… գոյություն ունեն միայն պատկերացման մեջ և պատկերաված են նշանային համակարգի բոլոր հնարավոր ձևերով՝ տեքստ, սիմվոլ, պատկեր, նկար։ 

Քաղաքը երկխոսություն է։

Քաղաքը արվեստագետի պատկերման շնորհիվ վերածվում է դիտորդի հետ զրույցի մեջ մտնող օբյեկտի, որը իր մեջ կոդավորված տեքստի ու նշանների միջոցով հաղոդվում և հաղորդակից է լինում դիտորդի հետ։ 

Գուցե այն, ինչ կտեսնի ցուցահանդեսին դիտորդը կստիպի մտածել քաղաքի մասին որպես նշանների հավաքածու կամ կառաջացնի անհամատեղելիություն արվեստագետի պատկերման և դիտորդի պատկերացման միջև, կամ էլ՝ առիթ կստեղծի մտածելու ծանոթ նշանների նոր իմաստների մասին։ 

Քաղաքը իմաստ է։ 

Մ.Ա.

2023