Skip to content Skip to footer

 

Դավիթ Կարապետյան

«ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՋՐԵՐ»

  1932 թվականին Օլդոս Հաքսլին հրատարակում է  «Չքնաղ նոր աշխարհ» հակաուտոպիստական գիրքը, որտեղ նկարագրում է մի հասարակություն, որը կառավարվում է ոչ թե ուժի գործադրման, այլ ուղեղի լվացման, ընտանիք ստեղծելու արգելքի և անսահմանափակ բազմակնության խրախուսման, Սոմա դեղամիջոցի կանոնավոր ընդունման շնորհիվ «երջանկությունը» պահպանելու միջոցով։ Գրքում Հաքսլին փորձում է կանխատեսել այն ուղղությունը, որով կարող է գնալ այն հասարակությունը, որն արդեն իսկ ապրում է մաշտաբային քաղաքայնացման, մասսայական արտադրության և զանգվածային լրատվամիջոցների զարգացման փուլում։ Ինչպես նշում է սոցիալական քննադատ Նիլ Փոսթմանը. «Օրուելը վախենում էր գրքերն արգելողներից։ Հաքսլիին վախեցնում էր այն, որ գրքերն արգելելու կարիք չի լինելու, քանի որ ընթերցողներ նույնպես չեն լինելու։ Օրուելը վախենում էր մեզ տեղեկատվությունից զրկողներից։ Հաքսլին վախենում էր, որ տեղեկատվությունն այնքան շատ կլինի, որ մենք կդառնանք պասիվ և եսասեր։ Օրուելը վախենում էր, որ ճշմարտությունը մեզանից թաքուն կպահվի։ Հաքսլին վախենում էր, որ ճշմարտությունը կխորտակվի անտեղիության ծովում։ Օրուելը վախենում էր, որ կձևավորվի գերիների մշակույթ։ Հաքսլին վախենում էր, որ կառաջանա պարզագույն մշակույթ՝ մակերեսային և անցողիկ զվարճանքներով պարուրված».

Այժմ մենք բոլորս մաս ենք կազմում մարդկության պատմության մեջ աննախադեպ տեխնոլոգիական իրականության։ Մեդիա ընկերությունները գրպաններում մենք բոլորս քայլում ենք փողոցներով՝ հասանելություն ստանալով տեղեկատվության պատուհանների մեջ գտնվող պատուհանների, պատուհանների մեջ պատուհանների ֆրակտալներին։

Արդյո՞ք նոր միջոցները նախատեսված են մեր մտածողությունը կամ ստեղծարարությունը խթանելու, թե դրանք անտեղիության ծովում խորտակելու համար։ Այս հարցին պատասխանելու փորձերի ընթացքում Դավիթ Կարապետյանը համատեղում է թվային կոլաժի, գեղանկարչության, լուսանկարչության և գրաֆիկական դիզայնի մեթոդները՝ ստեղծելով իր հայրենի քաղաքում կայանալիք առաջին ցուցահանդեսի համար աշխատանքների հավաքածու։

 Հոկտեմբերի 10 – Նոյեմբերի 04

 

ՆՓԱԿ, 2025