Skip to content Skip to footer

Ընդհանուր առմամբ արվեստագետները արտահայտում են իրենց ներքին հույզերն ու զգացմունքները ուղղակիորեն և անմիջնորդ, առանձ արտաքին ազդեցության: Բայց միշտ այսպես չէ: Բազում են ՙարտաքին՚ էլեմենտները, որոնք գիտակցաբար կամ ենթա-գիտակցաբար ազդում են արվեստագետի ստեղծագործության վրա: Կրոնն ու քաղաքականությունը ՙԲարոյական՚ և այլ սահմանափակումներ են պարտադրում մարդկանց վարվելակերպի եւ հասարակական փոխ-հարաբերությունների վրա: Զանգվածային կապի միջոցներն ու հասարակական քառոզչության ապարատը միտված են սփռելու և պարտադրելու համընդհանուր կանխորոշված ՙաշխարհահայաց՚: Անհատը, որը կարող է լինել այլ ըմբռնման կամ դավանանքի տեր, հաճախ պարտադրված է հետևել ՙհաստատված՚ կարգին: Այսպիսով անհատը ստիպված է լինում տառապել ու հանդուրժել իր վրա պարտադրված չափանիշներն ու հասարակական կարգը: Չափանիշներ և կարգեր, որոնք անպայմանորեն չեն համընկնում նրա նախընտրանքներին ու նախապատվությանը, ինչպես նաև նրա անձնական հավատքի և էտիկական չափանիշների հետ: Այս նախագծի նպատակներից մեկը արվեստի անարատ դրսեվորումն է: Այն նպատակադրված է արվեստագետին հնարավորություն ընձեռել ՙընդհանրացած գիտելիքների՚ կամ հանրության կողմից ընդունված օրինակների փոխարեն, ստեղծագործել ուղղակիորեն անձնական և մասնավոր զգացմունքների և անմիջական փորձի հիման վրա: Սա լինելու է մի փորձ խուսափելու արվեստը փիլիսոփայելուց: Տեխնիկայի կամ նյութի որևէ սահմանափակում չի եղել: Նախագիծը մի փորձ է ավանդական կամ ոչ-ավանդական աշխատելակերպով նոր և անկեղծ կեցվածքի արտահայտության: Որդեգրվել են կամ ուղղակիորեն նկարչություն, քանդակագործություն, ինստալացիա, վիդեո-արվեստ, պեռֆորմանս կամ այս աշխատաոճերի որևէ համադրություն/խառնուրդ: Ներկայացված աշխատանքները բազմաշերտ են և բազմիմաստ: Նրանք հարուստ են բազմակի թագուն և բացահայտ այլաբանություններով և սիմվոլներով: Աշխատանքները կարելի է բաժանել երկու ընդհանուր խմբերի. Առաջինը` ՙինտրովերտ՚ աշխատանքներ որոնք երբեմն ունեն ինքնակենսագրական պատումների բնույթ և հիմնված են արվեստագետի անձնական և մասնավոր զգացմունքների և նրա նեքնաշխարհի վրա: Այստեղ ակնհայտ են անձնազոհության և ուրիշին զոհոլու էգոիզմի երևույթներ, ապստամբի պոռթկում, ի տարբերություն կուրորեն հետևելու ՙգառան հոգեբանություն՚, և այլն: Մյուս խումբը դիտում է շրջապատն ու արտահայտում արվեստագետին հուզող և հոգեկանը առևանգող ֆիզիկական և ոչ-ֆիզիկական խնդիրներ` ՙեքստրովերտ՚ մոտեցում: Այս աշխատանքները առնչվում են բազում ուղղությունների և տարաբնույթ դիապազոնի խնդիրների հետ, որոնք ծավալվում են տնտեսական դասակարգումներից մինչև արտահայտության և հարաբերությունների ազատություն, և այլն: Վերջապես հատկանշական է դիտարկել, որ ցուցահանդեսին մասնակցել են մի քանի սերնդի արվեստագետներ: 1992 թվականից սկսյալ ՆՓԱԿ-ի ռազմավարությունը միշտ եղել, և շարունակում է լինել հաստատված և առավել փորձ ունեցող արվեստագետներին համատեղել երիտասարդ և պոտենցիալ արվեստագետների հետ ապահովելով վարպետության փոխանցում առանձ ուսուցիչ-ուսանող, վարպետ-աշկերտ բարդույթների և խնդիրների: Նպատակն է երիտասարդ արվեստագետների համար հնարավորություն ստեղծել, հարգելով վարպետներին, նետել մարտահրավեր և փորձել գերազանցել նրանց, առանձ անցանկալի հետևանքների: Ահա թե ինչ է դրված այս և նմանօրինակ նախագծերի հիմքում:
Սոնիա Պալասանյան