Skip to content Skip to footer

Միրիամ Ալբերթ, անհատական ցուցահանդես
Բացումը՝ 11.10.2023 թ., ժամը 19:00

Բաց է 12. – 13.10.23թ

  Ցուցահանդեսը եզրափակում է Հայաստանում նկարչուհու երկամսյա կացությունը, որը հնարավոր է դարձել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Արվեստի հիմնադրամի կրթաթոշակի շնորհիվ: Ցուցադրված գծանկարները տեղում ձեռք բերված փորձի և իրականացված դիտարկումների նախնական ամրագրումն են:
Իր գեղարվեստական աշխատանքներում Միրիամ Ալբերթն ուսումնասիրում է ընկալման երևույթները։ Նրա աշխատանքային գործընթացի հիմքը հաճախ առօրեականում հետքեր որոնելն է: Անմիջական շրջապատին նետված պատահական հայացքը ժամանակ առ ժամանակ թույլ է տալիս եզրակացություններ անել առավել ընդհանուր օրինաչափությունների և կառուցվածքների մասին:


  Հայաստանում գտնվելու սկզբից ևեթ Միրիամ Ալբերթին հրապուրել է ձևի և պատկերի լեզվի շարունակականությունը, որին այստեղ հանդիպում է ամենուր։ Մայրաքաղաքով զբոսնելիս նկարչուհու աչքերը մշտապես սևեռված են եղել մայթերի սալահատակներին, որոնց ձևավորումը փոխվում է գրեթե յուրաքանչյուր դռան առջև: Այս բազմազանությունը վկայում է մեծ նախշախաղային հակվածության մասին: Ընդորում նախշերը հաճախ հիմնված են ութանկյան հիմնական ձևի վրա՝ ձև, որն առանցքային դեր է խաղում նաև սրբազան
տարածքներում, օրինակ՝ եկեղեցական ու վանական կառույցների հատակագծում կամ խաչքարերի զարդաքանդակներում։ Բացի այդ, կարևորվում է 14-16-րդ դարերի տապանաքարերի ֆիգուրային պատկերների լեզվի ուսումնասիրությունը: Ասում են, որ այդ պատկերները ներկայացնում են «երկնային փառքը», և արվել են այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ երկրային կյանքը շատ դժվար է եղել։ Ընդորում շարունակ հանդիպում են նույնանման խորհրդանշաններ՝ գինու սափոր և շիշ, խորովածի շամփուր, մկրատ, հավերժության անիվ և հեծյալ, բայց տարածաշրջանից տարածաշրջան դրանց ձևավորումը տարբեր է: Այն փաստը, որ դրանց իմաստը լիովին ուսումնասիրված չէ, մի կողմից առեղծվածային է դարձնում այդ հին պատկերները, բայց մյուս կողմից նաև թույլ է տալիս, որ դրանք միայն իրենց իսկ մասին պատմեն: Գտնված ձևերի և պատկերների փոխադրումը գծանկարների մեջ նկարչուհուն հնարավորություն է տալիս մոտենալ
պատկերին և խորացնել տեսածը: Ավելին, պատկերները հանվում են իրենց համատեքստից և հարևանության մեջ սկսում են խոսել իրենք իրենց և միմյանց հետ.


  Միրիամ Ալբերթը ծնվել է Կարլսռուհեում (Գերմանիա հարավում) 1991 թվականին, որտեղ և անցկացրել է մանկությունը։ 2012-2014 թվականներին ուսանել է արվեստի պատմություն Լայպցիգի համալսարանում, 2014-2020 թվականներին ուսանել է կերպարվեստ (գեղանկարչություն/գծանկարչություն) Հալլեի քաղաքի Բուրգ Գիբիխենշտայնի արվեստի
ինստիտուտում, իսկ 2017/18 թվականներին եղել է Հալլեի Մարտին Լութերի անվան համալսարանի հնագիտության ֆակուլտետի հրավիրյալ ունկնդիր։ Ուսումն ավարտել է 2020 թվականին և այդ ժամանակվանից ապրում է Հալլեում որպես անկախ ստեղծագործող արվեստագետ։ Նրա աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ ցուցահանդեսներում, օրինակ՝ Արվեստի բադենյան ասոցիացիայում (Կարլսռուհե) կամ Լայպցիգի մանածագործարանում: Նկարչուհին բազմիցս ստացել է կրթաթոշակներ։

ՆՓԱԿ, 2023