Sunrise Stepanakert ամենամյա արվեստի փառատոնի ցուցադրությունը՝ «Եզրեր» խորագրով:
Ցուցահանդեսի համադրող՝ Բէլա Պողոսյան։
Աշխարհը, մարդկությունը գտնվում են գաղափարական վեճերի ռեժիմում, որի արդյունքն են չճանաչված տարածքները, չճանաչված մարդիկ, ներխուժումը ուրիշի անձնական սահմաններ, ռազմական և հոգեկան բնույթի բախումները։ Խորանալով այս անանձնական նկարագրությունների մեջ՝ մենք կտեսնենք մարդկային անհատական ողբերգությունները, կորուստները, տառապանքները, սիրելիների մահը։ Մենք կտեսնենք ինքներս մեզ և, թե ինչպես հայտնվեցինք եզրին, մեր պատմությունների և կյանքի եզրին, սառած՝ երևակայական հավասարակշռությունը պահպանելու համար:
Մենք ինքներս չնկատեցինք, թե ինչպես դարձանք վիճակագրություն, թվեր բյուրոկրատական ցուցակներում, հերոսներ՝ հեղաշրջումների համաշխարհային օրակարգում։ Ո՞րն է մեր գոյության էությունը, բացի մեզ պարտադրված զանգվածային «առաքելության» կատարումից։ Իսկ ինչո՞ւ է մարդկային կյանքի գլխավոր էությունը՝ կյանքը ներդաշնակ, երջանկության, սիրո ու խաղաղության մեջ ապրելը, այժմ դարձել շքեղություն և եսասիրական մի բան։ Մեզ ասում են պետք է ամուր կառչել մեր «ճշմարտությունից», կոչ անել որոշակի կարգախոսներով, բայց ինչի՞ համար։ Իսկ ինչպե՞ս է սա կապված, օրինակ, Ստեփանակերտի սիրելիներիդ հետ հանդիպելու հնարավորության բացակայության հետ։ Ի՞նչ սկզբունքներով է այն մարդկանց ընտրությունը, ովքեր պետք է ապրեն երջանկության, ներդաշնակության և խաղաղության մեջ, և ովքեր՝ ոչ: Ո՞ր կանոնով է որոշվում, թե ով է ավելի լավը, ով՝ ոչ։ Իսկ որտեղի՞ց է գալիս այդ իրավունքը՝ ուրիշների փոխարեն ինչ-որ բան որոշել, թե՞ որոշել իրենց հետագա կյանքը:
Ամեն մեկն ունի իր «ճշմարտությունը», և այն սկսում է խանգարել, երբ չի շփվում ուրիշի «ճշմարտության» հետ։ Այսինքն՝ դու ճիշտ ես, քանի դեռ չես անցնում մյուսի սահմանները կամ քանի դեռ գործում ես նրա կաղապարների շրջանակներում։ Էկոլոգիապես մաքուր լուծումներից մեկն այն իրավիճակն է, երբ մեկի «ճշմարտությունը» և մյուսի «ճշմարտությունը» գոյություն կունենան նույն հարթության վրա և կմտնեն համարժեք երկխոսության մեջ։ Պարտադիր մի պայմանով, որ սեփական «ճշմարտությամբ» ոչ թե կառչեն իրենց գաղափարներից՝ որպես անփոփոխ ու միակ ճշմարտություն, այլ ընդունեն դիմացինի կարծիքի գոյությունը և փորձեն հասկանալ միմյանց։ Համերաշխությունը ստեղծում է հավաքականություն, որը թույլ է տալիս մեզ լինել ավելի մեծ համայնքի մաս՝ չկորցնելով ինքներս մեզ:
Երբ մենք խոսում ենք ինքներս մեր մասին որպես աշխարհի մի մասի, պետք է մեզ տեսնենք հավաքական աշխատանքում, հավաքական առաքելության և գործողության մեջ։ Մենք հոգեպես տարրալուծվում ենք, բայց միևնույն ժամանակ մեզ պահում ենք որպես ընդհանուր ինչ-որ բանի մաս: Քանի որ որոշակի մտքի և փորձի արտացոլումն ենք, մենք մեծ պատմության մի մասն ենք: Այս դեպքում արդեն վիճակագրություն չենք, այլ մտնում ենք մեր նմանների հետ համերաշխության մի աշխարհ։
Սեփական «ճշմարտության» հետ կապվելը մեր հասարակության էգոցենտրիկ արատն է, այն գիտակցության պատրանքը, որ աշխարհի և մյուսների վրա հնարավոր է իշխանություն ունենալ: Մարդկային գիտակցությունը գործում է ըստ օրինաչափությունների, որոնք կառուցված են ողջ կյանքի ընթացքում, բայց ամեն անգամ, բախվելով հրահրող գործոններին, մարդը կարող է փոխակերպվել և փոխել օրինաչափությունները: Այսպիսով, ինչպե՞ս կարող ենք պնդել, որ «ճշմարտությունը» իսկապես «ճշմարտություն» է: Եվ եթե մարդը չի կարող ապացուցել իր «ճշմարտությունը»՝ հաշվի առնելով ի սկզբանե անհնարինությունը՝ առաջնային պարամետրերով, ապա ինչպե՞ս կարելի է ճնշել մյուսին՝ հանուն պատրանքային ճշմարտության այստեղ և հիմա։ Հարցը բաց է. Անընդունելի է ձեր մտքերը որպես միակ ճշմարտություն դրսևորել, երբ դրանք ճիշտ այնքան շատ են, որքան մարդիկ:
Ինչպես նշվեց վերևում, մենք սովոր ենք կառչել մեր ճշմարտություններից, կարծիքներից և գաղափարներից: Մարդկանց գործողությունները գալիս են մահվան վախից. պատմության մեջ տեղավորվելու ցանկությունը օրինակներից մեկն է: Նյութական բարիքների նկատմամբ ագահ վերաբերմունքը, մարդկանց կարծիքների, տարածքների յուրացնելը մահվան խորը վախի, պատմությունից ջնջվելու վախի, պարզապես վիճակագրություն լինելու վախի արդյունք է։ Այս ամենը հանգեցնում է այլ մարդկանց միջոցով ինքնահաստատվելու ցանկության և այլ «ճշմարտությունների» ջնջելուն: Սակայն մեկ այլ «ճշմարտություն» ջնջելով հնարավոր չէ ձեռք բերել սեփական «ճշմարտությունը»։ Կենցաղային մակարդակում դրանք անձնական կոնֆլիկտներ են, որոշակի հասկացությունների ու գաղափարների յուրացում՝ որպես մասնավոր սեփականություն, պետական մակարդակում՝ ագրեսիա մի ամբողջ ժողովրդի դեմ, ճնշում, ինքնության ջնջում։
Մերձենալու փոխարեն մենք ավելի ու ավելի ենք հեռանում՝ հավատալով, որ միայն մեր «ճշմարտությունն» է «ճշմարտություն»։ Բայց, ինչպես ասվեց, սա լուծում չէ։
Բէլա Պողոսյան
Արվեստագետներ՝
Մարիամ Թամրազյան (Ոուսաստան)
Մարիամ Արամի (Պապոյան) (Հայաստան)
Աննա Լեպլեր (Իզրայել)
Վանիկ Մեջիլումյան (Արցախ)
Սասուն Մարգարյան (Հայաստան)
Ռոման Կարման (Ռուսաստան)
Սոնա Գևորգյան (Արցախ)
Թամար Հայթայան (Կանադա)
Վեռա Ռայներ (Ռուսաստան)
Գենադի Աղաջանյան (Արցախ)
Միսակ Սամոկատյան (Հայաստան)
Մարիամ Էներգետիկ (Հայաստան)
հունիսի 30-հուլիսի 9-ը
ՆՓԱԿ, 2023