Skip to content Skip to footer

  Ֆոկուս արվեստի ՀԿ, «Մեդիալաբ» 2024–2025 թթ․ կրթական ծրագրի ավարտական ցուցահանդես

  Սոցիալապես բևեռացող հետխորհրդային հասարակությունում սպառողականության ազդեցությամբ քաղաքային միջավայրերի ու կենցաղի տեսողական գերհագեցումը, հանդիսանքային ուրբանիզմի միտումներն անխուսափելիորեն արտադրում են տեսողական աղմուկ` խոչընդոտելով այլ իմաստների սևեռումը։

  Այսպիսի հասարակության լուսանցքում լինելը որքան վտարվելու կամ հրաժարման հետևանք է, այդքան էլ առավելություն` անդրադառնալու ընդհանուրին որոշ հեռավորությունից, որսալու այն, ինչը ներսից գրեթե անհնար է նկատել։

  Սույն իրավիճակում լուսանցքային շերտից առաջին հերթին կարելի է ակնկալել չերևացող կողմերն ուսումնասիրելու, իշխանական հարաբերություններն ի ցույց դնելու միջոցով ապակառուցելու հանձնառություն՝ հայացք լուսանցքից։ Առևտրայնացմանն առաջնահերթություն տալու պատճառով առաջ եկած քաոսային զարգացումների հետևանքներ (Փոքր մարդիկ), պաշտոնական դիսկուրսից դուրս մնացած փողոցային արտահայտչաձևերի ներկայացում (Ի՞նչ են «ասում» պատերը), կանանց դերի տարածված ընկալման խնդրականացում (Դու սահմանում ես ինձ), արվեստում տիրապետող ձևերի հարցարկում (Ֆոտոշարք), հոգեկան առողջության խնդիրների և դրանց նկատմամբ վերաբերմունքի քննում (Հոգեկան առողջության դարպասներ

  Սակայն առավել արմատական մոտեցումը, որ նույնիսկ լուսանցքային շրջանակներում հաճախ չի հանդիպում, տեսողականի ներկայությունն է ինքն իրեն ժխտելու նպատակով։ Տարբեր քաղաքներում արված լուսանկարների պատահական միախառնում, որը մեկնաբանական կոդերի շփոթ է առաջացնում (Այստեղ, այնտեղ, այլուր), հաջորդական պատկերների դուրս բերում ժամանակային չափումից, ինչը խզում է դրանց ընդունված ընկալումից (Շարժումը 41 կադրում)։ Մի մոտեցում, որն անդրադարձ է լուսանցքից, սակայն բնույթով ունիվերսալ է, սահմաններ հատող։

Ցուցահանդեսի մասնակիցներ

  • Հռիփսիմե Առաքելյան 
  • Էռնա Թովմասյան 
  • Արմեն Խեչումյան
  • Սոնա Համբարձումյան
  • Լիլիթ Շահինյան
  • Մարիամ Շահինյան
  • Անահիտ Վարդանյան

Ավարտական աշխատանքների ղեկավարներ

  • Վահե Բուդումյան
  • Նորա Գալֆայան
  • Տաթև Հակոբյան
  • Գագիկ Չարչյան
  • Դավիթ Ստեփանյան

 

08 – 15 օգոստոս

 

ՆՓԱԿ, 2025