Հայաստանն այսոր ունի իր խնդիրները: Բայց կա մեկը, որը նա իրոք չունի դա մշակույթի կենսունակության պակասն է: Կարեն Անդրեասյանի և Սամվել Բաղդասարյանի ստեղծագործությունները սրա վառ ապացույցն են: Երկուսն էլ ապրում և աշխատում են Հայաստանում, երկուսն էլ ինստալացիայի արվեստագետներ են, որոնք լավատեղյակ են արևմուտքում արվեստի զարգացման ընթացքից, երկուսն էլ իրենց աշխատանքում ներգրավում են փոփոխության գաղափարը, բայց համարյա բոլոր այլ տեսակետներից նրանք չէին կարող ավելի տարբեր լինել: Եթե ես ավելի հակիրճ բնութագրելու լինեի այդ տարբերությունը, կասեի,որ Անդըրեասյանը վերլուծական է, իսկ Բաղդասարյանը բնազդային, բաըց սա ամբողջովին չի արտացոլում նրանց ստեղծագործության բազմակողմանիությունը:Ավելի լավ նրանց մասին առանձին - առանձին խոսել և հետո տեսնել, թե որտեղ են հատվում նրանց գաղափարներն ու գործունեությունը:


Սամվել Բաղդասարյանը մասնագիտությամբ կավագործ է: Նրա աշխատանքը շեշտում է օգտագործվող նյութի ֆիզիկական և զգայական հատկությունները: Այն հարուստ է փոխաբերություններով, արթնացնում է չմանրամասնված, բայց շատ հին հիշողություններ: Այն կտրուկ է և շոշոփելի հատկություններ ունի, որոնք հստակորեն հարաբերվում են նրա հայրենի աշխարհի էկոլոգիական խնդիրներին և բզկտված հողին: Նա կապված է հայկական նախաքրիստոնեական ժայռապատկերների պտղաբերության խորհրդանիշերի հետ և ինքն իրեն ներկայացնում է որպես հեթանոս: Մյուս կողմից նա իրեն պարտավորված է զգում Դյուշամփի և Թաթլինի նկատմամբ:


Նրան հարազատ են աշխատանք և աշխատող գաղափարները, քարի և մետաղի հատումը, կրակի օգտագործումը: նա հմայված է մեքենաներով և գործարանային մթնոլորտով: Այս բոլոր առնչություններն ու հետաքրքրությունները միավորվում են նրա վերջին աշխատանքում, որտեղ միաձուլվում են մետաղի փոշին (ծանր աշխատանքի համեստ արդյունքը) և էլեկտրական մագնիսները: Արդյունքը գերեզմանաթմբերի նմանվող ձևեչի շարքն է, որոնք պարբերաբար փլուզվում են և իրենք իրենց վերականգնվում: Ազդեցությունը անմիջական է և կախարդիչ: Մի աշխատանք, որն ունի այսպիսի հզոր ներկայություն, որևէ բացատրության կարիք չունի:


Ինչ վերաբերում է Անդրեասյանի նոր աշխատանքին, պետք է ավելի շրջահայաց լինել, քանի որ նրա վերջնական տեսքը դեռ պարզ չէ:Իրականում, բառի իսկական իմաստով, վերջնական տեսք կարող է և չլինել, ուղղակի անընդհատ շարունակվող գործընթաց, որը տեսամագնիտոֆոնի միջոցով կարձանագրի փորձառությունը` պահպանելու ժամանակ: Այս գործընթացի նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրությունից կարելի է եզրակացնել, որ Անդրեասյանը չի կիսորմ Բաղդասարյանի` նյութերի զգայական կողմի նկատմամբ ունեցած հոգածությունը: Նյութը միայն գաղափարի միջոց ու հաղորդիչ է: Բայց այս գաղափարը հազվադեպ է անփոփոխ մնում, և սա ներմուծում է դժվարության և անհարմարավետության տարր,այն, ինչ գնահատվում է արվեստագետի կողմից:


Անդրեասյանը գնահատում է նաև բառերը, որոնք հաճախ աղճատված ձևով են հայտնվում նրա աշխատանքներում: Մանիֆեստների հեղինակներ` բանաստեղծ և գրող Թրիսթան Ցառային և Անդրե Բրետոնին համարում է իր վրա ամենակարևոր ազդեցություն ունեցած ստեղծագործողներ: Նկարիչներից նա առանձնացնում է Մալևիչին , Դյուշամփին և Բոյսին: Մալևիչի արմատական սուպրեմատիստական աշխատանքների հայտնագործումն էր, որ նրան հնարավորություն տվեց առաջին քայլերը անել հեռանալու ավանդական նկարչությունից դեպի անզիջում կոնցեպտուալիզմը, որով նա առաջնորդվում է իր աշխատանքներում:


Ձողակառույց խորանարդը,որը նրա ծրագրում է Բիենալեի համար, կարող է նրա կենսափորձը մշակող և ղեկավարող ամենահավակնոտ միջոցը համարվել: Այն կարող է դինամիկ հարաբերությունների հիմք հանդիսանալ երկրաչափական ձևի և անկանխատեսելի իրադարձությունների հեղեղի միջև, իրադարձություններ, որոնք կանցնեն դրա միջով և կողքով: Անդրեասյանի համար կարևոր է հսկելու գաղափարը, բայց նա երկիմաստ վերաբերմունք ունի դրա նկատմամբ: Այն ստեղծագործական գործընթացի կարևոր մասն է, բայց իր կառավարող և պաշտոնավոր դրսևորումներում արվեստագետը ամբողջությամբ մերժում է այդ գաղափարը: Նա ասում է.ՙ Ես չեմ կարող պատկերացնել որևէ արդար համակարգ; Եվ Հայաստանը, անկասկած, արդարության մեծ փորձ չի ունեցել՚:


Կարելի է ասել, որ երկու արվեստագետներին էլ յուրահատուկ է անհանգիստ միտքն ու փորձառական մոտեցումը: Նրանց ինտելեկտուալ խստությունը հավասարակշռվում է կատարվելիքը տեսնելու ինքնաբուխ ցանկությամբ: Անիմաստ է Անդրեասյանի և անգամ Բաղդասարյանի ստեղծագործությունների միջև փնտրել առանձնահատուկ ազգային տարրեր: Այսպիսի տարրերը ծայրահեղ փոխաբերական փոխատեղության առարկա են, բայց նրանց աշխատանքները ցույց են տալիս,որ Հայաստանը բոլորովին էլ հեռուն ընկած ճահիճ չէ, այլ արվեստի երկար և հոյակապ ավանդույթների մի երկիր, որը մեր նոր երևան եկող ՙհամաշխարհային մշակույթին՚դեռ իր կենսական ներդրումն ունի անելու:


Սոնիա Պալասանյան
Ցուցահանդեսի համադրող
անգլիերենից թարգմանեց Աստղիկ Չուբարյանը