Մարտի 2-ին՝ հինգշաբթի, ժամը 19:00, հրավիրում ենք «Ֆոկուս» արվեստի կազմակերպության «ACTV այլընտրանքային լուսաբանման դասընթացի» մասնակիցների աշխատանքների ցուցադրության բացմանը. երկու հեղինակային ֆոտոշարք և մեկ խմբակային ֆոտոֆիլմ։
վայրը՝ ՆՓԱԿ-ի ցուցասրահ, հասցե՝ Փավստոս Բուզանդի փող., 1/3 շենք։

Անի Անտոնյանի ֆոտոշարքը կոչվում է «Մանկությունը լուսանցքում»։ Հրազդանի «Տնակներ» կիսալքված թաղամասը կառուցվել է խորհրդային տարիներին Հրազդանի ջերմաէլեկտրակայանի կողմից։ Այն նախատեսված էր աշխատակիցների համար: 1998թ․ ընկերությունը սեփականության իրավունքով տնակները հանձնել է Հրազդան համայնքին: Դրանք ժամանակին որպես օթևան են ծառայել նաև 1988 թ․ Բաքվից բռնագաղթվածների համար, որոնք հետագայում ձեռք են բերել բնակարաններ և տեղափոխվել: Այժմ թաղամասում կա փախստականի կարգավիճակ ունեցող 4 ընտանիք և այլ սոցիալապես անապահով բնակչություն։ Երբ կանգնում ես նման համայնքի կյանքը լուսաբանելու խնդրի առաջ, հարկ է որոշել՝ ինչը շեշտի տակ առնել։ Սոցիալական այս խիստ ծանր պայմանների և կրթական խնդիրների ֆոնին երեխաների առօրյան և խաղերը, թերևս, ամենաքիչն են ուշադրության արժանանում։ Անին որոշեց հենց դրանց միջոցով պատմել իրականությունը։

Գայանե Լալայանի ֆոտոշարքը կոչվում է «Բակային ինտերիեր»։ Աբովյան քաղաքի խորհրդային շրջանի բարձրահարկ շենքերին կից այգիներում կարելի է տեսնել սառնարան, լվացքի մեքենա, չհրկիզվող պահարան, տարաներ ու այլ իրեր: Որոշ բնակիչներ այդ տարածքները ցանկապատել են սառնարանի ժանգոտած դռներով, մահճակալի մասերով և տանը չգործածվող գույք լցրել այդտեղ: Պահարանների ու անսարք սառնարանների մեջ գործիքներ ու վառելափայտ են պահում, մեծ ու փոքր լոգարանակոնքերում ոռոգման ջուր հավաքում: Որոշ տարածքներում մշակաբույսեր ու ծառեր են աճեցնում, մյուսում՝ հավաքույթներ կազմակերպում, կամ ամռան ամիսներին պահածո պատրաստում: Այգիների հիմնական մասը կողպված է, և այլ մարդիկ չեն կարող ներս մտնել: Ցանկապատված այս տարածքները սեփականաշորհված չեն․ որոշներում ջնջված է սեփականի ու հանրայինի սահմանը: Մահճակալի ժանգոտ մասերը բաժանում, իսկ շախմատն ու նարդին միավորում են հարևաններին, սառնարանն ու պահարանը՝ հեռացնում տնից, իսկ վերմակն ու կաթսան բակը մոտեցնում են բնակարանին:

«Ներկան՝ ապագայի մասին» ֆոտոֆիլմի հեղինակներն են Շահանե Խաչատրյանը, Մանե Մաթևոսյանը, Տաթև Մկրտումյանը, Լիլիթ Հակոբյանը, Անի Թովմասյանը և Անի Սարգսյանը։ Այն հետազոտություն է Երևանում ու Արմավիրի, Լոռու և Վայոց ձորի մարզերի 4 բնակավայրերում, որի նպատակն է պարզել մարդկանց պատկերացումներն առաջիկա 10 տարիների կյանքի մասին: Դեռահասները, երիտասարդները (մինչև 25տ.) կյանքի ու իրենց հնարավորությունների մասին ունեն լավատեսական պատկերացումներ: Հետո գալիս է կյանքի մյուս փուլը (25-35տ․), որը, ոմանց համոզմամբ, ընտանիք կազմելու նպատակահարմար ժամանահատված է: Ապա սկսում են ապրել երեխաների համար (35-45 տարեկաննները հատկապես), այնուհետև՝ երեխաների ասածով (45-ից բարձր) և փոփոխությունը, նորի ու լավի ձեռքբերումը իրենց համար համարում են ուշացած:

Այս երեք նախագծերն առանջին հայացքից կապակցված չեն իրար և ստեղծվել են տարբեր ժամանակահատվածներում, տարբեր վայրերում, տարբեր թեմաների շուրջ, բայց դրանց միավորում է մի հանգամանք։ Բոլորն էլ դիտարկում են հետսովետական շրջանի խարխափող հասարակության կնճռոտ կողմերը և մարդկանց անորոշ դրությունը և ի ցույց դնում բաներ, որոնք հաճախ չենք ուզում տեսնել։ Ուստի ցուցադրությունը որոշեցինք անվանել «Անորոշություններ»․ խոսքը ընդհանուր անորոշության ֆոնին կոնկրետ, ճշտորոշ անորոշությունների մասին է։