Արյան շրջանառությունը փակ համակարգ է: Փոխներարկումը մեթոդ է, երբ ռեցիպիենտի արյունատար համակարգ է ներարկվում դոնորից վերցված ամբողջական արյուն կամ դրա առանձին բաղադրիչները՝ էրիթրոցիտներ, պլազմա և այլն:

«Փոխներարկում-ալտերնատիվը» արարք է նաև հետևելու հաղորդակցության միջոցով արվեստի հնարավոր՝ իրավիճակների, մի գուցե պատահարների, տրանսֆորմացիաների, ազդեցությունների առաջացմանը: 

Արտիստական նախաձեռնությունների համար միջավայր կարող են հանդիսանալ քաղաքային տարբեր սեկտորներ՝ հանրային և մասնավոր այլընտրանքային տարածքներ։ Ինչպե՞ս հարաբերվել ժամանակակից մարդու հետ ժամանակակից արվեստի միջոցով։
Այդ իսկ պատճառով Նփակի ինստիտուցիոնալ տարածքը հանդիսանալու է միայն որպես արտիստական գործերի փաստերի հավաքագրման տարածք:
«Փոխներարկում-ալտերնատիվը» հաղորդակցման կամ հանդիպման փորձ է ժամանակակիցների հետ: Այն ժխտում է արվեստը որպես ցուցադրվելիք մի բան՝ դիտարկելով այն որպես սոցիալական ակտ՝ իրողություն, պատահար, հաղորդակցություն, մի գուցե նաև փորձանք: Այն արարք է հաղորդակցվելու, հետապնդելու կամ հանդիպելու մարդուն:
Ժամանակակից արվեստը դժվար ընթեռնելի է, այն յուրահատուկ գիտելիք և պատրաստվածություն է ենթադրում ընթերցվելու հանար: Այդ իսկ պատճառով շատ հաճախ նույնանում են արվեստագետներն ու արվեստի սպառողները՝ օկուպացնելով ժամանակակից արվեստը: Այս իրավիճակում արվեստը անհաղորդ է սոցիումի լայն շերտերին:

Համադրող՝ Սուսան Ամուջանյան