Նա ունի երկու հակառակորդ: Առաջինը ճնշում է նրան հետևից՝ սկզբից: Երկրորդը պատնեշում է առջևի ճանապարհը: Նա երկուսի հետ էլ մարտնչում է: Վստահաբար, առաջինն օգնում է նրան երկրորդի հետ պայքարում, քանի որ ուզում է նրան առաջ մղել, և նույն կերպ երկրորդն է օգնում նրան առաջինի հետ պայքարում, քանի որ հետ է մղում նրան: Բայց միայն տեսականորեն է այդպես: Քանի որ այնտեղ ոչ միայն հակառակորդներն են, այլ նաև ինքը, և իրականում ո՞վ գիտի նրա մտադրությունները: Նրա երազում է, այնուհանդերձ, որ մի օր, մի անպաշտպան պահի, և դրա համար կպահանջվի շա՜տ ավելի մութ գիշեր, քան երբևիցէ եղել է մինչ օրս, նա դուրս կցատկի պայքարի գծից և, հաշվի առնելով իր փորձառությունը, իրեն կաջակցեն՝ լինելու իր հակառակորդների՝ միմյանց դեմ մարտի մրցավարի դիրքում: (Ֆ.Կ.)
                                                                                                                                               

Մինչև վերջերս Հայաստանում քաղաքական ընդդիմության գործուն միջոցներից մեկը արվեստային վարմունքն էր: Չնայած դրան, ավտորիտար ռեժիմի դեմ պայքարի ակտիվ մարտիկները՝ արվեստագետները, հաճախ դուրս էին մնում դիտողի տեսադաշտից, քանի որ հաստատությունների ներկայացուցչական դերը շատ թույլ էր, հաճախ՝ զրոյական:

2018 թվականի ապրիլ-մայիսյան հեղափոխական իրադարձությունները մերձեցրին արվեստագետներին իրենց ձգտումների հետ. դրա արդյունքում նրանք հայտնվեցին խոցելի անցումային իրականությունում, որի տրամասական սահմանները դեռևս հնարավոր չէ հստակ սահմանել: Ոչ հեռու անցյալի հիերարխիական տարածությունը, որը ճնշում էր արվեստագետին և անկյուն քշում՝ մարգինալացնում նրան, կարծես վերածվել է երկխոսության տարածության՝ պայմաններ ստեղծելով, որպեսզի արվեստագետները դուրս գան ստեղծագործական պասիվության և հարկադիր նինջի վիճակից:

1992-ին բացված Նորարար փորձարարական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ) նախապես քննադատական հայացք որդեգրեց անկախ հանրապետության նոր իրողությունների հանդեպ՝ փորձելով փոխել ոչ միայն հանդիսատեսի, այլև արվեստի դաշտում գործողների արվեստային պրակտիկաների ընկալումը: Շուրջ երեք տասնամյակ ՆՓԱԿ-ը հետևում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, և ամենակարևորը՝ արվեստային փոխակերպումներին: Ճանապարհ հարթելով դեպի ներկան՝ ՆՓԱԿ-ը քայլել և դադար է առել ինչպես արվեստագետները, սակայն այլ հաստատությունների նման ոչ միշտ է համապատասխանել ընթացիկ իրադարձությունների դինամիկային:
Ներկա ցուցահանդեսով մենք փորձում ենք շեշտել արվեստի գործերի ստեղծման ժամանակաշրջանը՝ ի հայտ բերելով նշանակալի անցյալը, բայց նաև՝ հաստատությունների մոտեցումները դրանց նկատմամբ:

Արդյո՞ք ներկայիս Հայաստանում հնարավոր է արթնամիտ ու ակտիվ ինստուցիոնալ դիրքավորում, որը խրախուսում է առանձին հեղինակների մշտական որոնումները՝ որպես այլընտրանք խոշոր միջազգային ներկայացուցչական ձևաչափերին: Կարո՞ղ են հաստատությունները խոսել ոչ թե ազգային հպարտության կամ կորպորատիվ ռազմավարության դիրքերից, այլ տեղ ու ձայն տրամադրել արվեստի դաշտում ստեղծագործող մարդկանց և դաշտի մասնակիցներին, որոնք գտնվում են նուրբ անցումային իրականությունում՝ անցյալի ու ներկայի բացվածքում:


Վերջերս տեղի ունեցած և դեռ չավարտված հեղափոխության կոլեկտիվ փորձի և կոնկրետ հաստատության պատմության հետ՝ ցուցահանդեսը ձգտում է մեջտեղ բերել և առաջին պլան մղել այն, ինչ եղել է ճնշված, դուրս մղված ու շպրտված՝ քաղաքականապես ակտիվ արվեստագետների անձնական փորձառությունը: Էքսպոզիցիան փորձում է վերաիմաստավորել ՆՓԱԿ-ի տարածությունը և դրանում արվեստի գործի ներկայացումը, ինչպես նաև դրանից առաջացող հանդիսատեսի փորձառությունը: Չցանկանալով արհամարել ներկայի իրողությունները, և միևնույն ժամանակ հրաժարվելով այդ թեմայով կեղծարարությունից՝ ցուցահանդեսն առաջարկում է հայ արվեստագետների աշխատանքներին զուգահեռ ուսումնասիրել նաև այլ հեղափոխությունների փորձը՝ որպես նոր իրականության կայացման այլ ուղիներ և դրանց վերապատկերման միջոցներ:

Արվեստագետներ՝

Էդգար Ամրոյան
Արման Գրիգորյան
Արմենակ Գրիգորյան ամօ
Գոռ Ենգոյան
Ռոս Լիթլ
Լուսինե Նավասարդյան
Արաշ Նասիրի
Արա Պետրոսյան
Ժու Թաո
Ահմեդ Ուգյուտ
Փիրուզա Խալափյան

Համադրող՝
Սոնա Ստեփանյան