Համռոտ կենսագրություն
առ հոկտեմբեր 31, 2014

Արվեստագետ եւ բանաստեղծ Սոնիա Պալասանյանը (Ամիրյան) ծնվել է 1942թ. ապրիլի 8-ին, Իրանում: Բնակվում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում եւ Երեւանում, Հայաստանի Հանրապետություն:

Ավարտել է ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքի Փենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիայի եւ Փենսիլվանիա համալսարանի միացյալ ծրագիրը (Bachelor of Fine Arts, 1970) եւ Նյու Յորքի Փրաթ ինստիտուտը (Master of Fine Arts, 1978): 1971-72 թթ. մասնակցել է Նյու Յորքի Ուիթնի թանգարանի հեղինակավոր Անկախ ուսումնասիրության ծրագրին: 1970-1979թթ. ընդմիջումներով դասավանդել է նկարչություն Իրանի Ազգային, Գեղարվեստի եւ Ֆարաբի համալսարաններում: Ունեցել է բազմաթիվ անհատական եւ խմբական ցուցահանդեսներ Նյու Յորքում (Museum of Modern Art, Sculpture Center, Exit Art, և այլն) ինչպես նաեւ Վաշինգտոնի, Ֆիլադելֆիայի եւ ԱՄՆ-ի այլ քաղաքների հեղինակավոր պատկերասրահներում եւ թանգարաններում: Ցուցադրվել է Շվեցարիայում, Իրանում, Իտալիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Անգլիայում, ինչպես նաև Հայաստանում: Որպես բանաստեղծ առաջին անգամ լույս է տեսել Իրանի ՙՆոր էջ՚ գրական խմբակցության թիվ 18 ժողովածուում, 1975թ.:

Սոնիա Պալասանյանի բանաստեղծությունների հատընտիրը հրատարակվել են երկու հատորներով Նյու Յորքում ՙԳուցե եղել է խելագար մի սիրտ՚ (1982), եւ ՙՀույզերը լցված երազներով պարզել աղմկոտ անձրեւին՚ (1991) խորագրերով: Այս երկու գրքերը 2006 թվին վերահրատակվել են մի ամբողջական հատորոոմ ՙԵրկու գիրք բանաստեղծություններ ՚ խորագրով: Պալասանյանը հրատարակել է նաև նկարազարդումների գիրք՝ Դիմանկարներ խորագրով. (1983), որը նվիրված է քաղաքական խառնակությունների հետեւանքով տառապած կանանց եւ ցուցադրվել է Նյու Յորքի Ժամանակակից Արվեստի Թանգարանում (1988):ՙԴիմանկարներ՚ գիրքը 2007 թվին վերահրատարակվել է Երեւանում, 30 տարիների բացակայությունից հետո Թեհրանի հեղինակավոր ցուցասրահներից մեկում կայացած անհատական ցուցահանդեսի առնչությամբ, որտեղ ցուցադրվել էին նրա դիմանկարների մեծաչափ օրինակները:

1992 թվից Հայաստանում նախաձեռնել եւ կազմակերպել է ժամանակակից արվեստի խմբական ցուցահանդեսներ, որը 1994 թվին պսակվեց Երեւանում ՙՆորարար Փորձառական Արվեստի Կենտրոն՚-ի (հապավումով ՙՆՓԱԿ՚) հիմնադրմամբ: ՆՓԱԿ-ը որը իր տեսակի մեջ եզակի երեւույթ է հարավային Կովկասում, եւ հավանաբար ամբողջ ԱՊՀ-ում, լծված է հայ առաջատար արվեստագետների հայտնաբերմամբ, զարգացմամբ եւ համաշխարհային բեմահարթակում ներկայացման առաքելությանը:

Ս. Պալասանյանի նախաձեռնությամբ 1995 թվին, պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացվեց համաշխարհային ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր ցուցահանդես/ ստուգատես` ՙՎենետիկի Բիենալե՚-ում: Նախաձեռնությունը ՆՓԱԿԻ միջոցով շարունակվեց մինչը 2009թ.

Հայաստանում Սոնիա Պալասանյանը ներկայացրել եւ խթանել է կերպարվեստի նոր ձեւեր՝ ինսալիացիա, վիդեո արվեստ եւ բազմաբնույթ նախագծեր: