Կենսագրական համառոտագիր
Առ հոկտեմբեր 31, 2014թ

Էդուարդ Պալասանյանը մասնագիտությամբ ճարտարապետ եւ քաղաքաշեն է: Նա ծնվել է Իրանում, 1936 թվին: Ստացել է ճարտարապետի տիտղոս Թեհրանի համալսարանից (1963), Քաղաքաշինության Մագիստրոսի (1968), եւ քաղաքաշինության եւ տարածքազարգացման ասպարեզներում Փիլիսոփայության Դոկտորի (1975) տիտղոսներ ԱՄՆ-ի Փենսիլվանիա համալսարանից: Պալասանյանը գրանցված է ՄԱԿ-ի համաշխարհային մասնագետների ցանկում:

1970 թվականից Իրանում հիմնել և ղեկավարել է ճարտարապետա-քաղաքաշինական խորհրդատվական հիմնարկ, որը կարճ ժամանակում վաստակել է Իրանի հեղինակավոր դիրքերից մեկը, հատկապես քաղաքաշինության ասպարեզում:

1980 թվականից Պալասանյանը ընտանիոք տեղափոխվել է ԱՄՆ եւ ստացել այդ երկրի քաղաքացիություն: 1992 թվականից սկսյալ Պալասանյանը իր արհեստավարժական կյանքը լիովին նվիրել է ԱՄՆ-ում եւ Հայաստանում հայ համայնքներին: Նա 1992 թվականին, Ուաշինգտոնում ստանձնել է Ամերիկայի Հայկական Համագումարի Վարչության Նախագահի պաշտոնը, 1993-1995, ներառյալ, Երեւանում ծառայել է, որպես Հայաստան Համահայկական Հիմնադրամի Փոխ-տնօրեն եւ Շինարարական բաժնի պետ: 1996 թվականին ստանձնել է Հայաստան Հիմնադրամ ԱՄՆ-ի Գործադիր տնօրենի պաշտոնը, Նյու Յորքում, եւ 1997-1998 թվերին, Նյու Յորքում ծառայել է որպես արեւելյան Ամերիկայի Հայոց Առաջնորդարանի Գործադիր տնօրեն:

Պալասանյանը նաև աշխատել է կատարողական արվեստի բնագավարում: Պարսկական բեմում, որպես արհեստավարժ դերասան նա ներկայացել է Շեկսպիրի, Չեխովի, Փրոսփեր Մերիմեի, Լիլիան Հելմանի, Ջոն Բոյնտոն Փրիստլիի, եւ այլ հեղինակների թատերախաղերում: Նա նույնպես ասմունքել է Իրանում, ԱՄՆ-ում, եւ Անգլիայում, հայկական ազգային եւ համայնական միջոցառումներին:

1995-թվին Պալասանյանը, իր կնոջ, նկարիչ-բանաստեղծ Սոնիա Պալասանյանի հետ միասին, Երեւանում հիմնել է Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնը (հապավումով ՆՓԱԿ), որը լծված է հայ ավանգարդ արվեստը համաշխարհայաին բեմահարթակին ներկայացնելու, ինչպես նաեւ հայ արվեստագետների համար նոր հորիզոններ նվաճելու գործին:

1995 թվականից Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հանձնարարությամբ Պալասանյանները, ՆՓԱԿ-ի միջոցով Վենետիկի Համաշխարհային Արվեստի Բիենալեներում շարունակաբար կազմակերպել են Հայաստանի Հանրապետության տաղավարները, որը նրանք անհապաղ շարունակվել են մինչև 2009թ.:

1998-ի հուլիսից Էդուարդ Պալասանյանը վերջնականապես հաստատվել է Հայաստանում: 1998 թվի սեպտեմբերից երջանկահիշատակ Գարեգին Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնարարությամբ, որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լիազոր ներկայացուցիչ, ղեկավարել է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու կառուցման աշխատանքները, այն, 2001 թվին, Հայաստանի Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ ավարտուն վիճակի հասցնելու հանձնարարությամբ: Մայր եկեղեցին օծվեց 2001 թվի սեպտեմբերի 23-ին:

2002 թվականի հունիս ամսից մինչև 2009թ. մարտ ամիսը Պալասանյանը ստանձնել է ազգային բարերար Գերարդ Լ. Գաֆեսճյանի նվիրատվությամբ Երեւանի Կասկադ համալիրին կից կառուցվող արվեստի թանգարանի գործադիր տնօրենի ինչպես նաև թանգարանի շինարարության ղեկավարության և վերահսկողության տնօրինությունը (2008-2009թթ):

Հայաստանում աշխատելու ամբողջ ընթացքում Էդուարդ Պալասանյանը կամավորական հիմունքներով ղեկավարում է Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնը: