Եղեգնաձոր, Հոկտեմբերի 8- 26

Արվեստի գործեր

Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնը իր բազմամյա գոյության ընթացքում հայկական ժամանակակից արվեստի դաշտում շատ կարևոր գործունեություն է իրականացրել։ Բազմաթիվ սերունդների հեղինակներ այս կամ այն ձևով մասնակցել են այդ գործունեությանը։ Պատմականորեն առաջին անգամ 1995-թվին և մինչև 2009 թ.-ը Վենետիկի Միջազգային Բիենալեում Հայաստանի Ազգային տաղավարը ներկայացրել է ՆՓԱԿ-ը։

«Հաղորդակցություն» արվեստի նախագծի հիմքում գործելու է երեք շաբաթ տևողությամբ ցուցահանդես։ Ցուցահանդեսի բացման ժամանակ տեղի կունենա էլեկտրոնային երաժշտության համերգ, ընթացքում՝ բանախոսություններ, կինոդիտումներ։ Ծրագիրը տեղի է ունենալու Վանաձորում (սեպտեմբեր) և Եղեգնաձորում (հոկտեմբեր)։

Ցուցահանդեսի տարածքի ընտրությունը հիմնվում է «Հաղորդակցություն» հղացքի տրամաբանությանը։ Մեր պատկերացմամբ, նախագիծը պետք է իրագործվի արվեստի համար նախատեսված և գործող հաստատություններից դուրս, մեկ այլ տարածքում։ Որի ընտրության համար, մենք պատրաստվում ենք խորհրդակցել տեղի մշակութային համայնքի երիտասարդների հետ, որպեսզի հասկանանք ենթադրյալ վայրի կարևորությունը։ Մեր նպատակն է, այս ծրագրի շրջանակներում ստեղծված ռեսուրսը, որպես օգտակար միջամտություն, կիրառել հանրային որևէ վայրում, որը ինչ-ինչ պատճառներով չի ծառայում իր նպատակին կամ որտեղ տեղի ակտիվ համայնքը ցանկություն ունի որոշակի մշակութային գործունեություն ծավալել, բայց բավարար միջոցներ չի գտնում դա իրականացնելու համար։ Այս նախագիծը կարող է լավ առիթ հանդիսանալ ակտիվացնելու կամ վերաակտիվացնելու համար նմանատիպ հանրային տարածքները։


Նախագիծը իր առջև խնդիր չի դնում լայնորեն ներկայացնել ՆՓԱԿ կենտրոնի գործունեությունը կամ առավել ևս Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտը։ Նախագիծը կներկայացնի վերջին երեք տարիներին մի խումբ երիտասարդ արվեստագետների կողմից ստեղծված այն աշխատանքները, որոնք ձգտում են անդրադառնալ հրատապ խնդիրների։ Հնարավորություն կստեղծվի հարաբերվել նոր ստեղծված աշխատանքների հետ, քանի որ նրանց հրատապության աստիճանը պատմականացված չէ, այսինքն հանդիսատեսի հետ երկխոսությունը ավելի անմիջական է ու շոշափելի։

Մեր խնդիրն է նպաստել ավանգարդ արվեստի ու հանրության լայն շերտերի միջև երկխոսությանը։ Ցույց տալ, որ արվեստային գործունեությունը կարող է հարցադրել խնդիրներ, որոնք օրակագային են ու հրատապ։ Իսկ այդպիսին լինելու համար, արվեստը պետք է անցնի իր իսկ մասին պատկերացումների ու գործիքների սահմաններից։ Այս դեպքում, դիտողը պետք է վերացարկվի այն պատկերացումից, որ արվեստը գեղեցիկի կամ ժամանցի արտահատություն է։ Պետք է տեսնի արվեստի հայտարարելու և երկխոսելու ձգտումը։

Աշխատանքներից յուրաքանչյուրն անդրադառնում է ժամանակակից արվեստի հիմնական մտահոգություններից որևէ մեկին. համակարգային դիմադրություն, լեզվի մեջ գաղափարախոսության առկայություն, տարածքների ապակենտրոնացում, հանրայինի ու անձնականի խնդրայինացում, միգրացիոն խնդիրներ և այլն։

Ժամանակակից, ավանգարդ արվեստը ԽՍՀՄ փլուզման վերջին տարիներին և դրանից հետո եղել է ամենաթիրախավորվածը։ Համայնքը, որ նման արվեստ ստեղծելու առաջամարտիկն է, հաճախ լուսանցքայնացվել է։ Մինչդեռ, առաջընթացի անխուսափելի գործընթացում, միջավայրն, որը թիրախավորում է նման արվեստը՝ կամա, թե ակամա անդրադառնում, հենվում է այն գաղափարներին, որոնք գեներացնում է հենց ժամանակակից ավանգարդ արվեստը։
Ուզում ենք ցույց տալ, որ նման արվեստը զուտ պատկեր չէ, որը միտված է ինչ-որ բան գովազդելու կամ գեղեցկացնելու։ Այս արվեստը բարձրացնում է խնդիրներ, որոնց հետ հարաբերվելու համար պահանջվում է անհատական ջանք, ինչպես օրինակ գիրքը մինչև վերջ կարդալու համար կպահանջվի ժամանակ, ձգտում, անձնական շահագրգռություն։



Նախագծի թիմ։
Հեղինակ և համադրող՝ Գոռ Ենգոյան, տնօրեն Գագիկ Ղազարէ, Համակարգող թիմ՝ Արմինե Խաչատուրյան, Վահրամ Ակիմյան, Սիլվա Չոբանյան։

Ցուցադրվող արվեստագետներ՝ Աննա Վահրամի, Արմենակ Գրիգորյան/ամօ, Լիլիթ Իսպիրյան, Արթուր Շառոյան, Մեգի Արարատյան, Արփի Հովակիմյան, Լուսինե Նավասարդյան, Լուսին Ավակի։

Վանաձոր Սեպտեմբերի 8-28