Հովնան Քարտաշյանի պորտրետների այս շարքը արվել է մոտ 3 տարիների ընթացքում։
Առաջին հայացքից դրանք հիշեցնում են ֆոտոռեալիստական աշխատանքեր, բայց արված են դասական ցանցային խոշորացման տեխնոլոգիայով։ Ֆոտոռեալիստական մեթոդի մեջ կարևոր դեր է գրավում անանձնականությունը և լիարժեք վստահությունը տեխնոլոգիային։ Քարտաշյանը կարևորում է հակառակը՝ էմոցիոնալ կապը, որ նա ունի այն մարդկանց հետ որոնց նկարել է։ Կարևոր է, որ բոլոր այդ պորտրետները իր ընկերների, բարեկամների կամ ծանոթներինն են։
Այս բովանդակային էմոցիոնալության և վիզուալ իմաստով տենխնոլոգիականության հակասության մեջ էլ ձևավորվում է այս ցուցահանդեսի բովանդակությունը։ Դա է պատճառը, որ իր տեքստային հղացքի փոխարեն արվեստագետը ներկայացրել է  ընկերոջ հետ խոսակցության սղագրությունը։
Փոխհարաբերություն անվանման սոցիալական ասպեկտն այս ցուցադրության մեջ բացահայտվում է արվեստագետի կողմից արված նատյումորտով։ Այդ նատյուրմորտը արվեստագետը հումորով անվանում է ավտոպորտրետ։ Նատյուրմորտում նկարված գործիքները արվեստագետի գումար աշխատելու միջոցն են, իր արվեստային գործունեությունից դուրս։ Հենց այդ գումար աշխատելու առօրեական կարիքը, և ազատ ժամանակ չունենալու հանգամանքն է ստիպել հեղինակին սահմանափակել իր շփումը ընկերների հետ։ Այսպես, 3 տարիների ընթացքում, այս պորտրետների ստեղծման գործընթացը նրա համար դառձել է փոխհարաբերությունների բացը լրացնող միջոց։ 

Տեքստը ՝ Գոռ Ենգոյանի


Էդգար Ամրոյան -Հովնան,իմ մեջ տպավորվել ա մի բան 2013թ.,երբ դուրս էկանք Լոնդոնի Ազգային պատկերասրահից, ասեցիր, որ տպավորված չես դասականների գործերով։Ինչի եմ էս հարցը տալիս,
որովհետև քո մոտ բացահայտ հղում կա դասականների հանդեպ։
Հովնան Քարտաշյան -Հա, նկատի ունեի էն, որ մինչև տեսնելը ես իրանց մասին միջնորդավորված պատկերացում ունեի, այսինքն տարբեր արվեստագետներից, դասախոսներից լսել էի, թե ոնց են իրանք տարբեր պատկերասրահներում տեսել դասականների գործերը ու ցնցվել են, էքստազի մեջ են հայտնվել, իրանց ոչնչություն են զգացել և այլն։
Է.Ա. -Այսինքն ավելորդ ինֆորմացիա էր։
Հ. Ք. -Հա, ես փորձեցի մոռանալ էտ ամենը, նայել սովորական ու տեսա բազմաթիվ թերություններ։Օրինակ Վելասկեսի դիմանկարներից մեկում հագուստի թևքի մի ամբողջ հատվածը նկարված էր մեկ տոնով։ Նմանատիպ շատ բաներ նկատեցի նաև Ռեմբրանտի կտավներում։ Բայց էտ անմիջականության մեջ մի կարևոր բան կար տպավորություն կար, որ իրանք ցանկություն չունեին ցույց տալու իրենց պրոֆեսիոնալիզմը, ու դա թույլ ա տալիս էլ ավելի մոտենալ ստեղծագործողին;
Է.Ա. -Կարճ ասած, իրանք թքած ունեին։
Հ.Ք. - Հա, իրանք թքած ունեին։ Ես մի բան նկատեցի, որ գրեթե մինչև 20-րդ դար արվեստը փորձել ա դուրս գալ կտավի ֆորմատից նկարչության միջոցով և ստեղծել էություն։Բայց, միևնույն ա, գեղանկարչությունից էն կողմ առաջ չէին գնում։
Է.Ա.- Ի՞նչ նկատի ունես, ասելով "առաջ չէին գնում"։
Հ.Ք. -Նկատի ունեմ, կար ամեն ինչ, բացի էությունից, որը պետք ա գոյություն ունենար առանձին։
Է.Ա.-Իսկ քո կարծիքով ո՞ր նկարիչներն են, որ կարողացել են ստանալ էտ էությունը։
Հ.Ք. -Տենց բան ես նկատել եմ մենակ ժամանակակից արվեստագետների մոտ,բայց ոչ լիովին բացահայտված։
Է.Ա. -Հովնան, մեր խասակցությունների ընթացքում դու հաճախակի քննադատում էիր պոստմոդերնիզմը։Իսկ քո նկարները ո՞նց են հակադրվում պոստմոդերնիզմին։
Հ.Ք. -Դիմանկարների միջոցով ես փորձում եմ, ի հակառակ պոստմեդերնիզմին, մարդկանց մեջ գտնել վստահություն, հենց դրա համար ես իմ պորտրետները կտավի վրա փոխանցելիս չեմ օգտագրծում տեխնիկական սարքեր։ Ես անցկացնում եմ քառակուսիներով, որովհետև ինձ համար չափազանց կարևոր ա դիմանկարի ամեն մի հատվածը, դրանց մեջ ես ներդնում եմ հսկայական վերաբերմունք, դրանք իմ զգացողություններն են ու ինչ որ առումով, իմ սերը դիմացինի նկատմամբ։
Է.Ա.-Փաստորեն դու ուզում ես ինքդ քեզ ապացուցել, որ քո զգացողությունները ճիշտ են, ու էդպիսով քո զգացողությունները հակադրում ես պոստմեդերնիզմի՞ն, վերածելով իրանց հենասյունի, որից մարդ կարող ա ամուր բռնվի։
Հ.Ք. -Այո, ես մտածում եմ զգացողությունները միակ բանն ա, որոնց միջոցով մարդ կարող ա բացվել աշխարհի առաջ և ազատվել պաշտպանողական շերտից։
Է.Ա.- Հա, ինձ թվում ա, քո նկարներն էլ են ազատված "պաշտպանողական շերտից",
ու երևի դա լավ ա։

Տեքսը և Համադրումը Էդգար Ամրոյանի