Skip to content Skip to footer

Նկարչությունը դառնում է արվեստ, երբ անդրադարձնում է ինքն իրեն: Եվ բոլոր ժամանակներում յուրաքանչյուր ոք, ով պայմանական երկչափ մակերեսի վրա ինչ-որ նյութով պատկերներ ու կերպարներ է ստեղծել, կանգնած է եղել իր գործունեությունը սահմանելու և իմաստավորելու պարտադրանքի առջև:

Վահագն Ղուկասյանի անհատական աշխատանքների ՙԾաղկավոր գույների երեխաները՚ նախագիծը, որ իրականացվում է Երևանի Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում, հանդիսատեսին հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ անդրադառնալ գեղանկարչական արվեստի ինքնավարությանը և նրա ազատագրող էությանը` վերապրելով գեղանկարչության պատմությունը որպես մեկ արվեստագետի նկարչական կենսագրություն:

ՙԾաղկավոր գույների երեխաները՚ նախագիծը կազմված է երկու գեղանկարչական շարքից` ՙԾաղիկների իշխանություն՚ և ՙԳույների արվեստանոց՚: ՙԾաղիկների իշխանություն՚ շարքը բաղկացած է ութ կտավներից: Դրանցից հինգում ամբողջ մակերեսով մեկ պատկերված են ծաղիկներ, իսկ երեքը դիմանկարներ են, ուր ծաղիկները շարունակում են իմաստային և պատկերային գերակա դեր խաղալ: Այն կտավները, որտեղ միայն ծաղիկներ են պատկերված, մեզ տեղափոխում են հայկական մոդեռն նկարչության դասականների աշխարհը, որ սկսվում է Մարտիրոս Սարյանի ծաղկազարդ նկարներով և հասնում մինչև Վիգեն Թադևոսյանի վերացական կոմպոզիցիաները:

ՙԾաղիկների իշխանություն՚ շարքի երեք դիմանկարներում ամբողջովին ծաղիկների մեջ սուզված ֆիգուրներ են: ՙԾաղկամայր՚ վերնագրով դիմանկարում 60-70-ականների ՙծաղիկների երեխաների՚ սերնդի ներկայացուցիչն է: Նա մեկ ակնթարթ շեղվել է իր տրանսցենդենտալ գրականությունից և ուշադիր նայում է մեր հասարակությանը, ուր ապրում են իր զավակները, որոնք ՙհիպիական հեղափոխության՚ դեռևս չիրականացած խոստումներով ձևավորված սերունդն են: Նրանք, ինչպես և նրանց ծնողները, առանց չափազանցության իրենք իրենց կարող էին կոչել ՙսիրո ամառվա՚ կամ ՙծաղիկների երեխաներ՚:
ՙԿրակ՚ վերնագրով կտավի մեջ գունավոր ծաղիկների միջավայրում գունավոր բանջարեղենով խորոված սարքող ՙծաղիկների երեխաներ՚-ի ՙամառային սիրո՚ զավակն է, ով ժպիտը դեմքին նայում է մեզ և ձեռքի վստահ ժեստով խոստանում ազատության հաղթանակը: Իսկ ՙՃավակ՚ վերնագրով գործը հեղինակի ինքնադիմանկարն է, որը զարմանալիորեն նման է ՙSex Pistգls՚ ռոք խմբի մեներգիչ և փանկ ենթամշակույթի հիմնադիրներից Ջոնի Ռոտեմին:

Երաժշտության և նկարչության զուգահեռությունն ու համեմատությունը հայտնվում են առանց հեղինակի դիտավորության, տվյալ դեպքում երաժշտությունը փրկում է նկարչին խորհրդային տարիներից իներցիայով շարունակվող ՙէկզիստենցիալիստական՚ գրականությունից:

ՙԳույների արվեստանոց՚ շարքը կազմված է տասնհինգ կտավներից, որոնք տարբեր դիտակետերից մեզ ցուցադրում են նկարչության ավանդական տեխնիկայի գործիքները` մոլբերտ, կտավներ, պալիտրա, վրձիններ, ներկեր և այլն: Արվեստանոց, որ նայում է ինքն իրեն: Հատակին դրված նկարչական պիտույքները նայում են մոլբերտի վրա դրված ու պատին կպցրած կտավներին և հակառակը` մոլբերտի վրա դրված ու պատին կպցրած կտավները նայում են հատակին ու աթոռներին դրված ներկերին, վրձիններին: Եվ այս ամենը կոնտրաստների ու ռիթմերի, լույսերի և գույների մեջ: ՙԳույների արվեստանոց՚-ն արտադրում է ինքն իրեն: Արվեստը ոչ մի իմաստ չունի, նրա միակ իմաստը ինքն իրեն իմաստավորելն է, որ հնարավոր է դառնում, երբ ներկերն իրենք են նկարում, երբ ամենատարբեր գույների վիձինները ազատորեն ռիթմեր են ստեղծում սպիտակ մակերեսի վրա:

Վահագն Ղուկասյանը օգտակարության և շահավետության սկզբունքներով առաջնորդվող մեր հասարակության մեջ փորձում է զբաղվել մի գործով, որը պարտադրված աշխատանքին դիմադրելն է կամ լայն իմաստով մեկնաբանվող ծուլությունը, որ ոչ այլ ինչ է, եթե ոչ ապստամբություն շահագործման համակարգերի դեմ:
Արվեստագետը, երբ շատ երկար է ապրում արվեստի պատմության մեջ, իսկ նա ավելի հարմար տեղ չունի ապրելու համար, սկսում է փնտրել նկարներ, որոնք պետք է որ ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի կողմից նկարված լինեին, ու երբ չի գտնում դրանք, նա ինքն է նկարում այդ նկարները: ՙԾաղկավոր գույների երեխաները՚ նախագիծը գեղանկարչական մենախոսություն է` արտասանված ներկայի անտարբեր աղմուկի և ապագայի ուշադիր լռության մեջ:

Արման Գրիգորյան
23.02.2011