Դատարկության հզորությունը
Նորայր Շահինյան


Սան Փաուլոյում (Բրազիլիա) ծնված, լուսանկարիչ Նորայր Շահինյանի Թուրքիայում նկարված լուսանկարներում տեսանելի են մի քանի տարբեր շերտեր: Նախ, ճանաչել Անատոլիայի զանազան մարզերի կյանքը ՙդրսից՚, մեկի կողմից, որը եկել է աշխարհի մյուս ծայրիցª հազարավոր կիլոմետրեր հեռվից: Բայց, ավելի կարևորն այն է, որ դրանք, հարյուր տարիների հսկայական բացից հետո, ՙներսից՚ նկարագրում են մի հայի վերադարձը դեպի իր արմատները Մարաշում, Ուր‎ֆայում, Իսկանդերունում, այցելություն իր ընտանեկան հողերը:

ՙԴատարկության հզորությունը՚ մի փորձ է հաշտվելու այս վերադարձի սրտում մարմնավորված, այս վկայության, ներուժի և անհավանականությունների հետ: Սա, բռնի ուժով իր հողից կտրված և արտաքսված, չորրորդ սերնդի մի հայի պատմություն է, որն ունի քաջություն, առերեսելու անցյալը, ներկան և ապագան: Նորայր Շահինյանը Բրազիլիայում ծնված, Օսմանյան Կայսրության վերջին տարիներին, ՙՄիություն և զարգացում կոմիտեի՚ կողմից ծավալված, հայերի դեմ ցեղասպանական ռազմավարության զոհ դաձած ընտանիքի զավակ է: Նրա տատերն ու պապերը, այդ աղետալի օրերին կորցրեցին իրենց ընտանիքներն ու ծանր պայմաններում ապաստան գտան Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղից գաղթեցին հարավային Ամերիկա, Բրազիլիա, կիսելով այն հայերի ճակատագիրը, որոնք, իրենց նման ցրվել էին աշխարհի տարբեր անկյունները: Շահինյանը մեծացել է սփյուռքահայ համայնքում, ձևավորվել է այդ ինքնության բոլոր տարրերով: Նա հիմնավորապես տեղյակ է իր ընտանիքի պատմությանը, սովորել է հայերեն, և հավատում է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը, ոչ թե հատուցման, այլ արդարության խնդիր է: Նրա պատկերացումները Թուրքիայի և թուրքերի մասին, պատմություն էր մահվան և բռնությունների մասին: Նա որոշեց, իր կյանքում շրջադարձ կատարել և այս պատումը ծավալել անձամբ, շփվել ժամանակակից թուրքերի հետ, և այն հողերի հետ, որոնք ժամանակին պատկանում էին իր ընտանիքին:

ՙԴատարկության հզորությունը՚ ցուցահանդեսի լուսանկարները մեզ ներկայացնում են Շահինյանի այն դիտարկումները, որոնք նա արձանագրել է ճիշտ այդ շրջադարձի պահին: Այս ձգտումը լուսանկարչին բերեց Թուրքիա, որտեղ նա ոչ ոքի չէր ճանաչում, չգիտեր լեզուն, անծանոթ էր բնակիչների նիստ ու կացին: Նա եկավ այստեղ, ոչ, որպես զբոսաշրջիկ: Նա եկավ կառուցելու մի կամուրջ, անցյալի և ներկայի միջև, որպես իր ընտանիքի վերջին կապը, որը զոհն ու վկան էր հարյուր տարի առաջ տեղի ունեցած աղետի, բայց որը կարողացել էր ապրել, գոյատևել և օվկիանոսի մյուս ափին կառուցել նոր կյանք: Անցյալի այս պատմությունը և նրա վճռականությունը արտացոլվում է, Թուրքիայի տարբեր քաղաքներում նկարված,

Շահինյանի լուսանկարներում առկա բացակայության ու դատարկության մեջ, ինչպես նաև կյանքն ու ապրելու հարատևությունը: Դատարկությունը, որը մնում է մահացածներից կամ բռնությամբ աքսորվածներից հետո: Նրանցից լքված դատարկության հզորությունը անժխտելիորեն արտացոլված է այս կադրերից յուրաքանչյուրում: Լքված եկեղեցիների վրա կամարված ծիածանը, ամայացած փողոցներում խաղացող երեխաները, զինվորական հեղաշրջման ժամանակների կարգախոսներ գրված հայկական որմնաքանդակ բնագրերի վրա, դատարկ տան մեջ սպասող լքված ճամպրուկ, որը կարծես հենց երեկ է այդտեղ թողնվել: Դատարկության հզորությունը, հզորության դատարկությունը…

Այս լուսանկարները, նկարվել են մի անձի կողմից, որը ներկայանում է որպես անտուն, արմատախիլ եղած, որը ապրում է արտերկրում և ճամփորդում է դեպի մի երկիր, որտեղ գտնվում է իր ակունքը, որպեսզի երկրագնդի վրա լիարժեք սահմանի իր կոորդինատները և կրկին արմատավորվի, ինչը համընդհանուր ձգտում է: Վերադառնալով իր արմատներին, Շահինյանը քայլում է համաշխարհային տարածքում և վերածվում համընդհանուր էակի:

Ռոբեր Քոփթաս