Ավանգարդ Արվեստի Երևանի Երկամյա Ցուցահանդեսը փորձում է ներկայացնել գեղարվեստական այն հիմնական միտումները, որ առկա են այսօր Հայաստանի ստեղծագործական մթնոլորտում: Ցուցահանդեսն ըստ էության փորձարարական մի լաբորատորիա է, բազմաբնույթ խմորումների մի ՙխառնարան՚, որում կատարվում են ինքնաարտահայտման խայտաբղետ պրոցեսներ, անալիտիկ և սինթետիկ հաստատումներ, մերժումներ, մերձեցումներ: Լաբորատորիան բացվելով հանդիսատեսին հրավիրում է նրան մասնակցելու և հաղորդակցվելու ստեղծագործական գործընթացին: Նման ընդգրկում ունեցող ֆորումը չի կարող լինել միանշանակ ծրագրված: Այն կարող է իրականանալ միայն բազմակերպ մտածողության սահմաններում լինելով փաստագրման և ի մի բերման միջոց:
Իմ ընկալմամբ Ավանգարդ Արվեստի Երևանի Երկամյա Ցուցահանդեսը, որպես մշակութային ուրույն նախաձեռնություն, պետք է որդեգրի ստեղծագործական ազատության սկզբունքը, այլապես այն կվերածվի դոգմատիկ և ֆորմալ մի միջոցառման՝ կորցնելով իր ներքին անհրաժեշտությունն ու մոտիվացիան:
Երկու տարի հետո կհրավիրվի մեկ ուրիշ արվեստագետ-համադրող, որը կձևավորի կոնցեպտուալ նոր մոտեցումներ էապես զարգացնելով և հարստացնելով այս նախաձեռնության մտահաղացումը:
Բոլորիս ցանկանում եմ ստեղծագործական հաջողություններ այս դժվարին, բայց հետաքրքիր ճանապարհին:

Ստեփան Վերանյան, Համադրող