Skip to content Skip to footer

Մոգություն ու Գիտություն

Artist – run – residence  2

Ամփոփիչ ցուցահանդես

Համադրող՝  Էդգար Ամրոյան

Artist – run – residence12.08.2022 – 17.09.2022

Մասնակից արտիստներ

Լարիսա Նգույեն

Տատյանա Բուխտեևա

Սաշա Դոմինա

Հասմիկ Մելքոնյան

Ստելլա Գրիգորյան

Աննա Բելյաևսկայա

Մարիամ Արամի

Մարիամ Ալեքսանյան

Մարիա Գոլուբկովա

Կարինա Սևոյան

Սիլվանա Չոբանյան

“Ես Սատա օձն եմ, ում տարիներն անհաշվելի են։ Ամեն օր ես մահանում և ծնվում եմ նորից։ Ես Սատա օձն եմ, որը բնակվում է աշխարհի ամենահեռավոր անկյուններում: Ես մեռնում եմ և նորից ծնվում եմ, նորանում եմ և օր օրի երիտասարդանում։

(Պապիրուս Նու, Բրիտանական թանգարան, թիվ 10477, թերթ 11)

մոգական հմայություն

«Եգիպտական ​​մեռյալների գիրք»

Տղամարդը 44 տարեկան է, հիվանդ է հազվագյուտ և անհասկանալի հիվանդությամբ. սեփական ծանրությունից կոտրվում են ոսկրերը, ամբողջ մարմինը մետաստազներով է պատված։ Ընտանիքը հարուստ է, հիվանդի հայրը որդուն տանում է Ֆրանսիա, որտեղ փորձում են բուժել լավագույն հիվանդանոցներում, սակայն, բժիշկները վստահեցնում են՝ սա հազվագյուտ հիվանդություն է, ամբողջ աշխարհում 7-8 դեպք է գրանցվել, հիվանդությունը բուժում չունի, հարկավոր է վերադառնալ Հայաստան՝ հարազատներին հրաժեշտ տալու։ Վերջին բանը, որ բժիշկներն ասում են հիվանդին. «Դու պարտավոր ես ապրել, չէ որ երեք երեխա ունես»։

 Ընտանիքը վերադառնում է, հիվանդը կամային ուժեղ հատկանիշներ է դրսևորում, վերադարձին զանգահարում է ընկերներին և հարազատներին, հրաժեշտ է տալիս, խնդրում է տղային ճաշ պատրաստել, որպեսզի ուրախացնի նրան, բայց բերանի խոոռոչի վերքերը թույլ չեն տալիս վերջացնել ուտելիքը։ Երկար զրուցում է կնոջ հետ և երրորդ օրը՝ լուռ մահանում։ Հիվանդի մայրը միչև որդուն կորցնելը հուսահատ դիմում է բախտագուշակի, ով հայտնում է, որ ընտանիքի վրա անեծք կա ու տանը կգտնեն 14 թուղթուգիր։ Գուշակը թվարկում է այն հավանական մարդկանց անունները, ովքեր կարող էին դա անել։ Հիվանդի մայրը տանը գտնում է սև մոգության բոլոր 14 ատրիբուտները ընտանիքի անդամների անուններով այդ թվում նաև հիվանդի անունով։ 

Արդյո՞ք հիվանդը մահացել է սև մոգության արարողության հետևանքով թե՝ ոչ, մենք երբեք չենք իմանա, սակայն, այս պատմությունը բացահայտում է ոչ պակաս կարևոր այլ հարցեր։ 

Մոգությունն ունի առնվազն 12 հազար տարվա պատմություն: Դարաշրջանային և պատմական փոփոխությունների երկար ժամանակաշրջանում մոգության երևույթը մնում էր մարդկության հիմնական հավատալիքներից և մշակութային ժառանգությունից մեկը: Եվ հաճախ առանց որևէ փոփոխության ենթարկվելու։ Այս փաստը, որ մոգությունն ու կախարդանքը կարող են գոյատևել մինչև բարձր տեխնոլոգիաների դարաշրջան, բավականին դժվար է բացատրել, բայց մտորումների տեղ է ստեղծում: Մոգության ֆենոմենը մարդկության պատմության ընթացքում հետաքրքրել է գիտնականներին և մտածողներին: Այդ մասին են վկայում հույների, հռոմեացիների, չինացիների, եգիպտացիների և հին աշխարհի շատ այլ պետությունների հին տարեգրությունները։ Բազմաթիվ աշխատանքներ նվիրված են մոգությանը Վերածննդի, ինչպես նաև բրիտանական գաղութային նվաճումների ժամանակ։ Մեր օրերում մոգության և օկուլտիզմի ուսումնասիրությունը կապված է ոչ միայն հումանիտար, այլև բնական գիտությունների հետ: Կախարդական ուժի հանդեպ հավատը գրավել է քաղաքական գործիչներին ինչպես հին աշխարհում, այնպես էլ՝ նոր ժամանակներում: Մոգության գաղտնի ուժերի մեջ քաղաքական գործիչները փնտրում էին կառավարելու և, նույնիսկ, աշխարհը նվաճելու բանալիները: Եվ հաճախ նրանք դիմում էին բնական գիտությունների օգնությանը։ Նացիստական ​​Գերմանիան առաջիններից էր գաղտնի էներգիայի լուրջ որոնումներում: Ահնեներբե արշավախումբը 1938 թվականին նացիոնալ-սոցիալիստների կողմից ուղարկվել է Տիբեթ։ Արշավախումբը ոչ միայն զբաղվում էր մարդաբանական ուսումնասիրությամբ, այլև փնտրում էր բնական էներգիաների գաղտնիքը՝ ուսումնասիրելով Հեռավոր Արևելքի ծեսերը։ Պատերազմից հետո դաշնակից ուժերի կողմից այդ ուսումնասիրություններին վերաբերող փաստաթղթերը դուրս բերվեցին պարտված Գերմանիայից և փոխանցվեցին ԽՍՀՄ և ԱՄՆ հատուկ ծառայություններին։ Այս տեղեկատվությունը, ինչպես նաև այլ ոլորտների հետազոտությունները, օրինակ՝ գնչուական հիպնոսի գաղտնիքները և հնագույն արևելյան աստղագուշակությունները, օգտագործվել են կառավարման համակարգերում և դիվանագիտական ​​հանդիպումներում կարևոր քաղաքական փաստաթղթեր ստորագրելիս:

Օրինակ՝ հիպնոսի պրակտիկան այնպիսի արմատներ է գցել կառավարման համակարգում, որ նույնիսկ թափանցել է հանրահայտ Մաուգլի մուլտֆիլմ. բավականին տարօրինակ տեսարան, որտեղ բոա օձը հիպնոսացնում է կապիկներին: Օձի հանդարտ ու միապաղաղ ձայնը մատնում է մուլտիպլիկատորի գիտելիքները, ով այս դեպքում օգտագործում է ոչ միայն հիպնոսի մեթոդը, այլ նաև կախարդների հին գործելակերպը, ովքեր հայտնի են որպես այս մեթոդով հմայություններ իրականացնողներ։ Ենթադրվում էր, որ առարկայի վրա կատարված երկար ու միապաղաղ հմայությունը փոխում է կախարդի գիտակցությունը: Եվ այս փոփոխված գիտակցությունը հեշտությամբ փոխանցում է բացասական տեղեկատվություն: Դրանից հետո պարզապես պետք է կախարդված առարկան տեղադրել զոհի անձնական տարածքում՝ այս կերպ ոչնչացնելով նրա էներգիան։ Սա մի մեթոդ է, որը փորձարկվել է հազարավոր տարիներ իրականացնելու և սխալվելու շնորհիվ։ Բայց այստեղ, հավանաբար, ֆիզիկայի օրենք է գործում: Հին ժամանակներից մոգերն ու կախարդները անեցքներ ու թուղթուգրեր իրականացնելիս օգտագործում էին երկու հիմնական մեթոդ։ Առաջինն օգտագործում է բնական ուժեր, այսպես կոչված, անտեսանելի անեծք դնել՝ օգտագործելով ջուր, հող կամ օդ։ Երկրորդը՝ առարկաների միջոցով, որտեղ հիմնական դերը կատարել են գործվածքները, թելերը, թռչնի փետուրները և այլ նյութեր, որոնք ունեն էներգիա հավաքելու և պահպանելու ունակություն։ Էներգիայի պահպանման և փոխանցման կարևորությունը դրսևորվում էր կախարդների պահանջով, որոնք հաճախորդին խնդրում էին տուժածից մազ, մեխ կամ հագուստի կտոր բերել։ Իհարկե, մարդիկ, ովքեր զբաղվում են մոգությամբ, վստահ են դրա գերբնական բնույթի մեջ և դժվար թե խոսեն ֆիզիկայի օրենքների մասին: Սակայն, քվանտային ֆիզիկան մեզ առաջարկում է առանձնացված ատոմների էներգետիկ կապի տեսությունը, որի համաձայն ատոմները կապված են նույնիսկ երկար հեռավորությունների վրա, իսկ հնագույն ժամանակներում մտածողների ենթադրությունները թափանցում են վախերի և տաբուների միջով: Օրինակ՝ հին սլավոնական ազգերի շրջանում երիտասարդ աղջիկներին խստիվ արգելված էր ոտաբոբիկ քայլել գետի ափով։ Ենթադրվում էր, որ թաց հետքը հիանալի ավար է կախարդների համար, ովքեր, վերցնելով թաց հողի մի կտոր, կարող են անիծել մարդուն։ Եվ այստեղ, իհարկե, հիշենք ջրով իրականացված փորձերը, որոնցում ջուրը փոխել է իր կառուցվածքը՝ ի պատասխան բացասական տեղեկատվության։ Ջուրը հայտնի է որպես էներգիայի ակտիվ հաղորդիչ և ընդհատող։ Նույն կառուցվածքը առկա է նաև մարդու արյան մեջ։ Այն փոխվում է արտաքին գործոնների ազդեցության տակ, որոնք կարող են լինել էկոլոգիական աղետներ՝ կապված ճառագայթման, սթրեսի հետ։ Հետաքրքիր էր, որ իրենց անձնական տարածքում սև մոգության առարկաներ գտած մարդիկ ինձ հետ զրույցում նշեցին, որ բողոքներ են եղել ոչ միայն առողջության վատացման և ձախողման, այլ հաճախ՝ ուռուցքաբանական հիվանդությունների առկայության հետ կապված։ Իսկ ուռուցքաբանական հիվանդությունները, ինչպես շատերը գիտեն, ակտիվանում են արյան կառուցվածքի խախտման պատճառով։

Պլացեբոյի սկզբունքի մասին խոսելն, այս դեպքում, հազիվ թե տեղին լինի: Առաջին հերթին, հիվանդությունն ու դժբախտությունը սկսում էին ավելի շուտ, քան մարդիկ իրենց տարածքներում հայտնաբերերում էին անիծված իրեր: Իսկ նրանց որոնումները կապված էին կամ հուսահատության հետ, կամ բոլորովին պատահաբար էին տեղի ունենում։ Երկրորդ՝ հարցվածները հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ են, բայց կրոնասեր մարդիկ չեն, պարանոյայով կամ հոգեկան այլ խանգարումներով չեն տառապում։ Եվ, ինչը շատ կարևոր է, նրանք թերահավատորեն էին վերաբերվում մոգությանը։ Անշուշտ, լայն սոցիոլոգիական հարցումն այս դեպքում անհնար է։ Թեման զուտ անձնական է։ Բայց զրույցներում հարցվածները խոստովանում են, որ բոլորը, առանց բացառության, գտել են մոգության առարկաներ։ Դա ապացուցում է այս զբաղմունքի տարածվածությունը։ Հարցվողները, չնայած դժբախտության, հիվանդության և սնանկության մասին բողոքներին, դժվարությամբ են հավատացել մոգության ազդեցությանը: Իսկ ոմանք անիծված առարկաները գտնելուց հետո սկսել են վախենալ այս երևույթներից։ Հարցվել է մոտ 20 մարդ: Եվ չնայած այն հանգամանքին, որ պատահականություններն ու համընկումները կարող են առանցքային դեր խաղալ, դրանք այս պարագում չափազանց շատ էին։ Արդյո՞ք առարկաները կարող են պահպանել և փոխանցել բացասական էներգիա, գիտության մեջ հստակ պատասխան չկա: Բայց միայն այս գործողությունների տարածվածության փաստը ոչ պակաս կարևոր է։ Սև մոգությունը պատվիրված սպանություն է: Իսկ մոգության մեջ ներգրավված սուբյեկտները՝ թե կախարդը, թե հաճախորդը, վստահ են դրա արդյունավետության վրա, այլապես ի՞նչ իմաստ ունի դա անել։ Ի վերջո, թուղթուգիր անելը երկար սոցիալական գործընթաց է։ Հաճախորդը պետք է գտնի մոգ կամ կախարդ, որին կարող է վստահել, հասնի նշանակված վայր, անցնի որոշակի ծիսակարգ, վճարի X գումար, այնուհետև սկսվում է ամենադժվարը, այսպես կոչված, անիծված առարկաներ զոհի անձնական տարածքում դնելը: Հարցվածները մոգության ատրիբուտները, ինչպես ասվեց, գտել են անձնական տարածքներում՝ տներում, մեքենաներում։ Ականատեսները պատմում են, որ անիծված իրեր գտել են ամենամեկուսացված և դժվարամատչելի վայրերում՝ ասեղնագործ բարձերի մեջ, գրադարակների խորքերում, աթոռների տակ, մեքենայի մոխրամանների տակ և այլուր։ Իսկ սա նշանակում է մեկ բան՝ հաճախորդն ուներ զոհի անսահման վստահությունը։ Եվ գուցե նա հաճախակի այցելու է։ Գործողության ողջ ցինիզմը բացահայտվում է ոչ թե մոգության հրաշքի, այլ հասարակության այլասերման մեջ։ Իմ անձնական որոնումները, հետազոտությունները և տարբեր երկրների մարդկանց հետ զրույցները բացահայտում են, որ մոգությունը կիրառվում է բոլոր երկրներում: Եվ՛ բարձր առաջադեմ տեխնոլոգիաները, և՛ տնտեսական զարգացումը քիչ ազդեցություն ունեն այդ գործողությունները սահմանափակելու վրա:

Օրինակ՝ Ռուսաստանում բնակչության ավելի քան 60%-ը պաշտոնապես զբաղվում է մոգությամբ կամ դիմում գուշակների և կախարդների ծառայություններին։ Միայն Մոսկվայում կա մոտ 20000 պաշտոնապես գրանցված կազմակերպություն: Իրավիճակը չի փոխվում նաև Արևելյան Եվրոպայում։ Ռումինիայում այն ​​պաշտոնապես ճանաչված է պետական ​​մակարդակով։ Եվ նույնիսկ Արևմտյան Եվրոպայի ամենազարգացած երկրում՝ Գերմանիայում մինչև 70-ականների վերջ դեղատներում վաճառվում էին մոգության և կախարդների դեմ դեղամիջոցներ։ Զարգացած Սկանդինավիայում այն ​​հայտնի է նույնիսկ այսօր՝ ազգային մշակույթի տարրերով քողարկված։ Սկանդինավցիները հնագույն ծեսեր են օգտագործում վիկինգների դարաշրջանից: Անհնար է խոսել Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Մերձավոր և Հեռավոր Արևելքի, ինչպես նաև Օվկիանիայի երկրներում տարածվածության մասին՝ ելնելով տեքստի հակիրճությունից։

 Մոգության հարցը կարծես հավերժ է: Եվ դրա վրա չեն ազդում տեխնոլոգիական առաջընթացն ու բարեփոխումները տարբեր ոլորտներում։ Այն կախված չէ պետական ​​համակարգից կամ տնտեսությունից։ Այն վերացականություն է: Եվ նույնիսկ Հարրի Փոթերի մասին համաշխարհային բեսթսելլերը, որը վաճառքով երկրորդ տեղն է զբաղեցրել Աստվածաշնչից հետո, իր մեջ ուղերձ է կրում։ Մարդկանց դուր է գալիս անհայտը, գաղտնիքը: Եվ թվում է, թե մարդկությունը կզբաղվի մոգությամբ, քանի դեռ գիտությունը չունի հստակ բացատրություններ այս երևույթի վերաբերյալ։ Քանի դեռ մարդկությունը զբաղվում է մոգությամբ, մոգությունը գոյություն ունի: Նույնիսկ եթե այն ընդհանրապես գոյություն չունի։

Էդգար Ամրոյան, 2022